Արցախից բռնի տեղահանված անձանց այսօրվա դրությամբ հատկացվել է բնակարանի գնման 2113 հավաստագիր, որից 484-ն արդեն իրացվել է։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Ակտիվությունն ավելի քան ակնհայտ է, եւ դա ամեն օր ենք մենք արձանագրում։ Այսօրվա դրությամբ մենք արդեն տրամադրել ենք 2113 հավաստագիր, որից 484-ն արդեն իրացվել է։ Այսինքն՝ հավաստագրով մարդիկ արդեն ձեռք են բերել անշարժ գույք կամ մի քանի դեպքեր ունենք, երբ կառուցապատման բաղադրիչից են օգտվել եւ կառուցում են բնակելի տուն»,- ասաց նա։
Արցախցիները դժգոհում են, որ կառավարության կողմից բնակապահովման ծրագրում կատարված վերջին փոփոխություններից հետո Հայաստանի մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ, բնակարանների գները թանկացել են։
Գայանե Ղարագյոզյանն ասաց, որ իրենք եւս նման բողոքներ ստացել են։ «Նման ահազանգեր մենք մեր բոլոր բնակապահովման ծրագրերի գործարկումից հետո ենք ստանում, բայց եւ այնպես պետք է գիտակցենք, որ այստեղ գործում է տնտեսագիտության առաջարկի եւ պահանջարկի օրենքը, որն այդ պահին կառավարելի չէ, եւ որեւէ կառույց դրան վերահսկողությամբ չի կարող զբաղվել։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացն ինքնակարգավորվող է, որոշ ժամանակ անց ամեն ինչ կընկնի իր տեղը։ Դա նորմալ է, եթե կա պահանջարկ, հասկանալի է, որ առաջարկը մի փոքր թանականում է»,- նշեց նա։
Ստեղծված պայմաններում, երբ բնակարանների գները թանկանում են, բնակապահովման ծրագրի շրջանակներում արցախցիներին հատկացվող գումարները չեն բավարարում նորմալ բնակարաններ ձեռք բերել։ Մարդիկ ֆինանսական մասնակցություն պետք է ունենան, որպեսզի կարողանան նորմալ բնակարան ձեռք բերել, բայց ոչ բոլոր արցախցիներն ունեն գումար, բանկերը նրանցից շատերին վարկեր չեն տրամադրում։
Գայանե Ղարագյոզյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Ես ձեզ ասացի, որ մենք ունենք 484 ընտանիք, ովքեր վերջին մի քանի ամսվա ընթացքում կարողացել են իրացնել իրենց հավաստագրերը։ Եվ նրանցից ոչ բոլորն են գումար ավելացրել, գումար հիմնականում ավելացնում են այն ընտանիքները, ովքեր Երեւանում կամ, օրինակ, Աբովյանում են նախընտրում բնակարան ձեռք բերել։ Իսկ եթե նախընտրում են մյուս մարզային բնակավայրերը, եւ խոսքը բնավ սահմանամերձ բնակավայրերի մասին չէ, ապա գումարը բավականացնում է անշարժ գույք ձեռք բերելու համար։ Մի փոքր խնդիր ունենք շատ փոքր կազմով ընտանիքների հետ, ովքեր նախընտրում են 3 մլն-ոց բնակավայրերը։ Բայց իրենց էլ մենք առաջարկում ենք, որ կարող են 5 մլն-ոց բնակավայրում գույք ձեռք բերել։ Իսկ եթե պնդում են, որ 3 մլն-նոց բնակավայրն են ուզում, խոսքը Երեւանի մասին է, ուրեմն պետք է ունենան ֆինանսական մասնակցություն, որովհետեւ հասկանում ենք, որ Երեւանում տուն ունենալն այնքան էլ հեշտ բան չէ»։
Ռոզա Հովհաննիսյան