Բալայան. Արցախն ազատագրելը միայն պատերազմով հետ վերցնելը չէ

  • 23:23 25.07.2025

«Արցախյան էջը փակված չէ, որովհետեւ արցախահայությունը հայ ժողովրդի օգնությամբ իր պետականությունը վերակերտեց միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Եվ արցախահայությունը վաստակել է ազատ ապրելու իրավունքը, պարզապես պետք է փորձել համահայկական միասնակամությամբ հասնել արդյունքի։ Ինչպես 1993-94 թվականներին մենք հաղթանակ կերտեցինք, այդ նույն միասնակամությամբ ուժերը մեկտեղել, նորից վերագտնել մեզ ու ինչու չէ, նաեւ ազատագրել Արցախը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ագզային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Նա նշեց, որ միջազգային փորձը եւս հուշում է, որ արցախցիները պետք է շարունակեն իրենց պայքարը։ «Ցավոք սրտի, այսօր աշխարհում ամեն ինչ դրված է ուժի հիմքերի վրա, բայց դա ինչ-որ ձեւով մեզ չպետք է հուսալքի։ Կարծում եմ, որ այդ հնարավորությունը մեր ժողովուրդն ունի՝ նորից իր արժանապատվությունը , իր ազատ ապրելու իրավունքը վերականգնելու եւ, ինչու չէ, մեր հայրենիքի մի հատվածը ազատագրելու»,- նշեց նա՝ հավելելով, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում առկա փաստաթղթերը եւս այս հնարավորությունը տալիս են։

Ըստ Բալայանի՝ Արցախն ազատագրելը միայն պատերազմով հետ վերցնելը չէ, դա ենթադրում է նաեւ դիվանագիտական ու քաղաքական աշխատանք։