ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերից 2-ը հենց Ադրբեջանն է մերժել, քանի որ հայկական զորքերի դուրս բերումը պայմանավորվում էր հրադադարով եւ Մինսկի խորհրդաժողով հրավիրելով։ Այս մասին այսօր լրագրողներւի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով իր հեղինակած գրքում տեղ գտած փաստերի մասին։
Լույս է տեսել Արթուր Խաչատրյանի հեղինակած «Արցախյան բանակցությունները» գիրքը՝ երկու հատորով։
Այսօր գրքի շնորհանդեսի ժամանակն Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կիսվեց այն բացահայտումներով, որոնք արել է այս աշխատությունը գրելու ժամանակ։
«Շատ պարադոքսալ իրավիճակ է՝ Ադրբեջանը 20 տարի մարդկանց ուղեղը լվանում էր այն կեղծ պնդումով, թե ՄԱԿ-ի Աանվտանգության խորհուրդը պահանջել է Հայաստանից անվերապահորեն դուրս բերել զորքերը Արցախից։ Բայց նման բան գոյություն չունի, նախ պահանջն ուղղված էր տեղի հայկական ուժերին։ Երկրորդ, վերջին երկու բանաձեւերն Ադրբեջանն է հրաժարվել ընդունել, որովհետեւ այնտեղ պահանջ կար՝ ԼՂ հայկական ուժերը դուրս են գալիս, օրինակ, Ակնայից, իսկ ադրբեջանցիները դուրս են գալիս Շահումյանից եւ Մարտակերտից։ Եվ պետք է հրավիրվեր Մինսկի խորհրդաժողով, որտեղ պետք է քննարկվեր Արցախի վերջնական կարգավիճակը։ Այսինքն՝ այդ բանաձեւերում չկա հայկական զորքերի դուրս բերման անվերապահ պահանջ։ Դուրս բերումը պայմանավորվում է հրադադարով եւ Մինսկի խորհրդաժողով հրավիրելով»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խեղաթյուրել ու նենգափոխել են բանակցային գործընթացը, այդ պատճառով էլ չեն հրապարակում 2019 թվականին համանախագահներից ստացած առաջարկությունը։