Արցախը կորցնելու հետ ես կորցրի նաև ինձ։ Մնացին միայն հիշողությունները

  • 18:31 27.07.2025

Արցախյան առաջին պատերազմից հետո տարիներ են անցել, սակայն վերքերը շարունակում են մխալ մարդկանց սրտերում։ 1994-ին Նարիա Արզումանյանին կյանքն Արցախից հասցրել է հեռավոր Ուկրաինա, ապա՝ Ռուսաստանի Դաշնություն։ Տարիներ շարունակ նա ապրել է Արցախի կարոտը սրտում, իսկ 2023-ի սեպտեմբերի տեղահանությունը աղ է լցրել նրա դեռևս չսպիացած վերքերին։

1992 թվականի սեպտեմբերի 25-ը Արզումանյանների համար ճակատագրական օր էր

 -Արցախում պատերազմ էր, ծանր մարտեր էին գնում։ Մեր ընտանիքն Ասկերանից տեղափոխվել էր Ստեփանակերտում ապրող բարեկամի տուն, որովհետև Ասկերանում մնալը շատ վտանգավոր էր։ Ես ու քույրս՝ Էլմիրան մեկնել էինք Հայաստան, իսկ ծնողներս, տատիկս ու փոքր քույրս՝ Աիդան, Ստեփանակերտում էին։ Այդ օրը նրանք տանն էին, սովորականի պես ինչ որ գործեր էին անում։ Հանկարծ Ստեփանակերտը սկսվում է ռմբակոծվել։ Մինչ նրանք կվազեին որևէ տեղ պատսպարվելու՝ ռումբերից մեկն ընկնում է հենց այդ տան վրա (Սիմոնի աղբյուրից քիչ ցածր)։ Ալիքը քրոջս մի կողմ է շպրտում՝ փրկելով նրան, իսկ հայրս ու մայրս զոհվում են մեկ վայրկյանում։ 80-ամյա տատիկս ողջ է մնում։

Ճակատագիրը շատ դաժան է գտնվել մեր ընտանիքի հանդեպ։ Տատս, որ միայնակ է մեծացրել իր մինուճար զավակին (պապս զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում), չէր ցանկանում ապրել, անընդհատ կրկնելով, որ որդին ու հարսն իր տեղն են զբաղեցրել։ Սակայն միթե՞ հնարավոր է փոխել այն, ինչ որոշված էր ի վերուստ։ Այդ ժամանակ հոգեբանական մեծ ցավ տարավ քույրս, ով մտնելով սենյակ, տեսավ մեր ծնողների անշնչացած մարմինները։ Փառք Աստծո, արդեն թոռան տեր է, սակայն մինչև այսօր մղձավանջները նրան հանգիստ չեն տալիս։

Երեք քույրերով սկսեցինք շարունակել ապրել՝ գիտակցելով, որ տատիկի խնամքը մեզ վրա է։ Առանց ծնողների շատ ծանր էր։ Բարեբախտաբար մեզ շրջապատեցին հոգատար մարդիկ, որոնց թվում էին նաև իմ ընկերները։ Պարտական ենք իմ համադասարանցի, երջանկահիշատակ Յուրա (Ուկա) Աղաջանյանին․ առանց նրա աջակցության մենք պարզապես չէինք կարող ապրել։ Որոշ ժամանակ հետո մեր հաղթանակով ավարտվեց պատերազմը։ Արցախում հետզհետե նոր կյանք սկսվեց։ Իր բոլոր դժվարություններով հանդերձ այն հիասքանչ էր։ Երբևէ չէի կարող մտածել, որ կապրեմ իմ ծննդավայրից հեռու ու ստացվեց այնպես, որ կյանքի անիվն ինձ ու քույրերիս տարավ Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու։

Գրեթե ամեն տարի Նաիրան գալիս էր Արցախ, այցելում հարազատների շիրիմներին, տիրություն անում հայրական օջախին։ Ասկերանի քաղաքապետարանում վստահ էին Արզումանյանները պետության հանդեպ իրենց հարկային պարտավորությունները կատարելու են ժամանակին։

2018-ին Նաիրայի մինուճար զավակն իր ժամկետային ծառայությունն անց է կացրել ԱՀ ՊԲ շարքերում։

-Չեմ կարող ասել, թե ինձ համար հեշտ էր, երբ տղաս որոշեց, որ ծառայությունն Արցախում է անցկացնելու։ Սահմանները հանգիստ չէին, սակայն չփորձեցի նրան հակառակը համոզել, գիտեի՝ որոշումն անխախտ է։ Երկու տարի ծառայեց սահմանում ու երբեք չդժգոհեց։ Ներքուստ հպարտանում էի, որ որդիս Արցախս է պաշտպանում։ Ծնվել է Ուկրաինայում, մեծացել Ռուսաստանում, ոչ մի տեղանքի ծանոթ չէր, ընկերներ չուներ, սակայն կարողացավ օրինակելի իրականացնել իր ծառայությունն ու վերադառնալ տուն։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հոգեպես աջակցել են ինձ այդ երկու տարիների ընթացքում։ Մինչև որդուս վերադարձը ես իմ տեղը չէի գտնում։ Մոսկվա վերադառնալուց առաջ նա այցելեց հարազատներիս շիրիմներին, իմ հայրական Քյաթուկ գյուղի սրբավայրերը։ Այդ ժամանակ չէինք պատկերացնում, որ երեք տարի հետո Արցախը մերը չի լինելու։

Նարիա Արզումանյանը գրեթե 30 տարի Արցախից դուրս էր ապրում, սակայն նա ապրում էր Արցախի դարդ ու ցավերով, երջանկանում, երբ տարեցտարի հզորանում էր երկիրը։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը, վառելիքի պահեստի պայթյունն ու դրանց հաջորդած Արցախի հայաթափումն իսկական ողբերգություն էր նրա համար։

-Վերջին անգամ Արցախ եմ գնացել 2020-ին։ Նախապատրաստվում էի նորից այցելել, որովհետև ամեն տարի այնտեղ գնալն իմ պարտականությունն էի համարում։  Երբ լսեցի կատարվածի մասին, չէի կարողանում հավատալ։ Անմիջապես զանգահարեցի ընկերուհիներիս՝ ճշտելու լսած գույժը․ հաստատվեց։ Ասես երկինքը փուլ եկավ․ վերապրեցի ողջ կյանքս ու այդ պահին ես վերստին համոզվեցի, որ թեև ֆիզիկապես Արցախում չէի ապրում, սակայն իմ սիրտն ու հոգին այնտեղ էին։ Արցախը կորցնելու հետ ես կորցրի նաև ինձ։ Մնացին միայն հիշողությունները, որոնք մինչև իմ կյանքի վերջին վայրկյանն ապրելու են ինձ հետ։ Հավատում եմ՝ մի գեղեցիկ օր լսելու եմ, որ իմ ժողովուրդը վերադառնում է Արցախ։ Ու այդ օրն իմ կյանքի ամենաերջանիկ օրն է լինելու։

Արցախի կորստից և արցախահայության աշխարհով մեկ սփռվելուց հետո Նարիան չի հանգստանում։ Նա շարունակում է ապրել արցախցիների կյանքով ու օգնում շատերին իր հնարավորության սահմաններում՝ չմոռանալով համադասարանցիընկերներին, ովքեր թիկունք էին նրա համար Արցախում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ