ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել. 15%-ով ավելի լավ, քան 30%-ը

  • 09:20 28.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային համաձայնագիրը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն «համաձայնության են եկել», որը նախատեսում է 15 տոկոս մաքսատուրքի սահմանում Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա։ Բանակցությունները տեղի են ունեցել կիրակի՝ հուլիսի 27-ին, Շոտլանդիայի արևմուտքում գտնվող Թըրնբերիում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահի գոլֆի հանգստավայրը։ Հուլիսի 12-ին ԱՄՆ նախագահը խոստացել է օգոստոսի 1-ից 30 տոկոս մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԵՄ-ն նաև խոստացել է լրացուցիչ ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսությունում՝ նշված առևտրային համաձայնագրի շրջանակներում՝ 600 միլիարդ դոլարի (510 միլիարդ եվրո) չափով։ Բացի այդ, Բրյուսելը Միացյալ Նահանգներից կգնի էներգետիկ ռեսուրսներ 750 միլիարդ դոլարի (638 միլիարդ եվրո) չափով, ասել է Թրամփը։ ԵՄ-ն նաև պարտավորվել է ԱՄՆ-ից գնել ռազմական տեխնիկա։

«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով», – ասել է ֆոն դեր Լեյենը։

ԵՄ-ի համար մաքսատուրքերը կարող էին ավելի բարձր լինել, քան վերջնական 15%-ը՝ սպառնացել էին 30%։ Չնայած Մեծ Բրիտանիայի համար տուրքերը կազմում են 10%-ը։

Իսկ ԱՄՆ-ի համար, անցյալ տարվա ցուցանիշների հիման վրա, սա խոստանում է մաքսատուրքերից 90 միլիարդ դոլարի եկամուտ, գումարած 600 միլիարդ դոլարի ներդրումներ։