Լեռնային Ղարաբաղի տարածքներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար, հայտարարել է Արցախի մշակույթի նախարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան, կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։
Արցախի մշակույթի նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն, պարտավոր է իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։
Նախարարությունը հավելել է, որ միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները ևս պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Լեռնային Ղարաբաղի տարածքում բռնկված հրդեհը օրեր շարունակ մարել չի հաջողվում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն բռնկվել է Մարտակերտի տարածքում, վերջին օրերին ընդգրկել նաև Թալիշը: