«Ալցհայմերի խնամք Հայաստանը» ընդլայնում է Արցախի տարեցների համար նախատեսված Աջակցության սրճարանների ծրագիրը

  • 14:30 28.07.2025

Ալցհայմերի խնամք Հայաստանն (Alzheimer’s Care Armenia) ընդլայնում է «Աջակցության սրճարաններ Արցախի տարեցների համար» ծրագիրը՝ դրանում ընդգրկելով նաև Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերը։

Ծրագիրն իրականացվում է «Հայ Կանանց Բարօրության Միության» (AWWA) աջակցությամբ և հիմնված է տարեսկզբին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) ֆինանսավորմամբ մեկնարկած փորձնական նախագծի հաջողության վրա:

Աջակցության սրճարանը զգալի դրական ազդեցություն է ունեցել Արցախից տեղահանված տարեցների հոգեկան առողջության վրա՝ դառնալով անվտանգ տարածք, որտեղ նրանք կարող են շփվել, վերականգնվել և սփոփել կարոտի զգացումը հայրենի վայրից հարկադիր տեղահանումից հետո։

«Տարեցների համար, որ կորցրել են գրեթե ամեն ինչ, Աջակցության սրճարանները միայն հանդիպման վայր չեն, այլ ապաքինման, արժանապատվության ու պատկանելության զգացումի վերագտման հնարավորություն։ Ամեն մի կիսված պատմության ու ժպիտի մեջ մենք տեսնում ենք դիմացկունություն, հույս և մարդկային շփման և կարեկցանքի կարևորությունը»,-ասում է ACA-ի հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դեմենցիա ունեցող մարդիկ կկարողանան գտնել մխիթարություն և ընկերակցություն:

Արցախի ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված անվճար սրճարանները գործելու են հետևյալ քաղաքներում՝ Վանաձորում (Տիգրան Մեծ 24, հեռ. 093 623 042), Էջմիածնում (Մովսես Խորենացի 2/41, հեռ.043 777-905), Աբովյանում (Հանրապետության 30, հեռ. 093 488-055) և Արարատում (Շահումյան 58/4, հեռ. 094 642-606): ACA-ի թիմի խոսքով՝ սրճարանները կարևոր դեր կխաղան Արցախի տարեցների հոգեբանական վիճակի բարելավման հարցում՝ տրամադրելով անվտանգ տարածք՝ շփման, փորձի փոխանակման և անհրաժեշտ աջակցություն ստանալու համար։

Ծրագրի այս նոր փուլը Ալցհայմերի խնամք Հայաստանի առաքելության կարևոր հանգրվաններից է՝ միտված Հայաստանի տարեց բնակչության հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ամրապնդմանը և ուղղված հատկապես տրավմայի ու տեղահանության հետևանքով տանջվող մեծահասակներին:

«Ալցհայմերի խնամք Հայաստանի» մասին

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։ Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։ Նա նաև Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամատարների համար նախատեսված «Ես լսում եմ քեզ» գործնական ուղեցույցի հեղինակն է։
Հավելյալ տեղեկատվության և նկարահանումների համար կարող եք կապվել Հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատուի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 41 66 03 58, [email protected]

«Հայ Կանանց Բարօրության Միության (AWWA) մասին

1915 թվականից սկսած՝ Հայ Կանանց Բարօրության Միությունը (AWWA) հանդիսանում է ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն, որն իրեն նվիրել է տարեց անձանց կյանքի որակի բարելավմանը՝ թե՛ համայնքի ներսում, թե՛ արտասահմանում։ AWWA-ն հիմնադիրն է Մասաչուսեթս նահանգի Ջամայկա Փլեյն քաղաքում գործող Հայկական Հոգատարության և Վերականգնման Կենտրոնի (ANRC) և աջակցում է միջազգային ծրագրերին՝ նպաստելով ԱՄՆ-ից դուրս ապրող հայկական ծագմամբ տարեցների խնամքի և կյանքի որակի բարձրացմանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.awwainc.org