Արցախցիները կարող են հանձնաժողով դիմել բնակապահովման ծրագրով մերժում ստանալու 2 դեպքում

  • 17:50 28.07.2025

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղակացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով արդեն իսկ ստեղծվել եւ գործում է միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած եւ շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։

Step1.am-ը զրուցել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ՝ պարզելու, թե միջգերատեսչական հանձնաժողովն ինչ աշխատանք է իրականացնելու։

Նրա խոսքով՝ հանձնաժողովը բացառապես երկու հիքմով մերժումների դիմումներն է ուսումնասիրելու։ Առաջինը դա այն դեպքն է, երբ ընտանիքի բոլոր անդամների կամ առնվազն մեկ անդամի տվյալները բացակայել են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում, եթե խոսում ենք 2023 թվականի տեղահանվածնբերի մասին, կամ Օպերատիվ շտաբի տվյալների շտեմարանում, եթե խոսում ենք 2020 թվականի տեղահանվածնբերի մասին։ Այսինքն՝ ինչ-ինչ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով տվյալը դուրս է մնացել բազայից։ Օրինակ, մարդիկ տեղահանումից օրեր առաջ են տարբեր հանգամանքների բերումով լքել Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար, տեղահանման ժամանակ չեն հաշվառվել կամ տեղահանվել են, բայց հաշվառվելու ձեւը չեն իմացել։

«Պատճառները շատ տարբեր կարող են լինել, բայց փաստը եւ արդյունքը դրանից չի փոխվում՝ տվյալ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների տվյալները բացակայում են տեղահանվածների շտեմարանում։ Իսկ մեր ծրագրի շահառուի կարգավիճակ տալու հիմնական պայմաններից մեկը դա է, որ տվյալը պետք է լինի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կամ Օպերատիվ շտաբի տվյալների շտեմարանում՝ որպես տեղահանված։ Եվ եթե այդ հիմքով շահառուների դիմում հայտարարությունը մերժվում է, մերժումը ստանալուց 2 ամսվա ընթցաքում իրենք կարող են դիմել հանձնաժողովին՝ ներկայացնելով համապատասխան հիմքեր, այն է, որ տեղահանումից առնվազն 12 ամիս առաջ իրենք բնակվել են ԼՂ-ում, այսինքն՝ 2020 թվականի տեղահանվածների դեպքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ, իսկ 2023 թվականի տեղահանվածների դեպքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ։ Այստեղ հաշվի է առնվել նաեւ բլոկադան՝ 2022 թվականի բլոկադայից առաջ նախորդ մեկ տարվա կտրվածքով տվյալ անձի ԼՂ-ում բնակված, աշխատած լինելու հանգամանքը։ Այսինքն՝ որեւէ փաստաթուղթ պետք է ներկայացնեն՝ աշխատավարձ ստանալու, կենսաթոշակ կամ դրան հավասարեցված այլ վճարներ ստանալու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու վերաբերյալ, ինչը կվկայի, որ տվյալ անձը տեղահանումից առնվազն մեկ տարի առաջ ապրել է Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Մերժված շահառուների երկրորդ խումբը, ովքեր կարող են դիմել հանձնաժողովին, գույք ունենալու հիմքով մերժվածներն են։ «Մասնավորապես, որպես ծրագրի պայման դիտարկում ենք ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ, այնպես էլ ծրագրին դիմելու օրվա դրությամբ գույքի առկայությունը։ Եվ մեզ հասած բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ունենք բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ունեցել են գնման իրավունքներ, այսինքն՝ տարաժամկետ վճարման մեխանիզմով կառուցապատողների հետ կնքել են պայմանագրեր ամենամսյա վճարման մեխանիզմով, բայց տեղահանումից հետո, չկարողանակով կատարել այդ վճարումները, չեղարկել են կառուցապատողի հետ իրենց պայմանագրերը։ Եվ արդյունքում ստացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ մենք կադաստրով ստանում ենք, որ տվյալ մարդկանց անունով կա գնման իրավունք, բայց փաստացի այս պահին իրենք չունեն ոչ գույք, ոչ գնման իրավունք եւ զրկված են ծրագրի շահառու դառնալու իրավունքից։ Այս դեպքերում էլ, եթե մեր հայրենակիցները կներկայացնեն համապատասխան կառուցապատողների հետ պայմանագրերի լուծարման վերաբերյալ հիմնավորումներ, որ լուծարվել է, քանի որ չեն կարողացել վճարել, հանձնաժողովն իրավասություն կունենա տվյալ ընտանիքներին, ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում, ծրագրի շահառուի կարգավիճակ շնորհել։ Կլինեն մարդիկ, ովքեր այդ գույքն օտարել են ու գումարը դրել իրենց գրպանը, սա այդ դեպքերին չի վերաբերում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցն անդրադարձավ այն հարցին, թե ի՞նչ ժամկետ է սահմանված հանձնաժողով ներկայացված դիմումներն ուսումնասիրելու ու խնդրին լուծում տալու համար։ Նրա խոսքով՝ սահմանված է առվելագույնը 45-օրյա ժամկետ, քանի որ հանձնաժողովում հասկանում են՝ բավականին շատ փաստաթղթերի հետ են գործ ունենալու։ Հանձնաժողովը պետք է գումարի նիստեր, մանրակրկիտ ուսումանասիրի բոլոր փաստաթղթերը։ «Հաշվի առնելով այդ ծավալը՝ մեկ դիմումի ընթացքի համար նախատեսված է առավելագույնը 45-օրյա ժամկետ։ Միաժամանակ սահմանված է, որ հանձնաժողովն ըստ անհաժեշտության է գումարում նիստերը, բայց դրանք պետք է գումարվեն ոչ պակաս, քան 3 ամիսը մեկ անգամ։ Եվ այդ նիստի օրակարգում ներառված բոլոր դիմումների մասով հանձնաժողովը պետք է կայացնի որոշում՝ բավարարել կամ մերժել։ Եթե կլինի լրացուցիչ տեղեկատվության պահանջի կարիք, արդեն ընթացքը ցույց կտա, որովհետեւ հնարավոր է, որ ներկայացված փաստաթղթերը բավարար չլինեն, այստեղ հավելյալ տեղեկատվության պահանջ կլինի»,- նշեց Գայանե Ղարագյոզյանը։

Նա ասաց, որ այս խնդիրները, որոնք ծագում են, հիմնականում սուբյեկտիվ են։ Օրինակ՝ անձը Արցախից տեղահանվելուց հետո չի իմացել, որ պետք է մոտենա ու հաշվառվի Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունում։ Կամ փաստաթուղթ չի ունեցել այն պահին, որ իրեն հաշվառեն, հետագայում արդեն հաշվառման ժամկետն է ավարտվել։ «Բայց ամենահաճախ հանդիպած դեպքերը տեղահանումից առաջ տարբեր պատճառներով ԼՂ-ն լքած մեր հայրենակիցների վերաբերյալ են։ Մեկի հետ դժբախտ դեպք էր պատահել, պիտի գնար Ռուսաստան, մասնակցեր իր բարեկամի հուղարկավորությանը, մեկը առողջական խնդիրներով էր դուրս եկել եւ այլն։ Իրենք ԼՂ-ն լքել են ավելի վաղ, քան պատերազմը կամ բլոկադան, կամ էլ բլոկադայի պատճառով չեն կարողացել վերադառնալ։ Բայց փաստացի իրենք հանդիսանում են ԼՂ քաղաքացի անձ՝ այնտեղ ծնված, ապրած, արարած, ուղղակի հանգամանքների բերումով ավելի վաղ են այնտեղից դուրս եկել»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան