ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրճատում է Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր վերջնագիրը մինչև 10-12 օր՝ մոտ երկու շաբաթ առաջ իր ասած 50 օրվա փոխարեն։ Թրամփի խոսքով՝ նա «շատ հիասթափված է նախագահ Վլադիմիր Պուտինից»։
«Ես այլևս չեմ հետաքրքրված խոսելով», – ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Շոտլանդիայում, որտեղ նա գտնվում է։ Նա ասել է դա ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է օգնել երկու նախագահների հարաբերություններին և հասնել հրադադարի Ուկրաինայում։
Թրամփը բացատրել է, որ արդեն բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց բանակցություններից հետո Ռուսաստանը շարունակում է հարձակվել Ուկրաինայի վրա։
Նա նաև ասել է, որ «շատ առատաձեռն» է եղել Պուտինի հանդեպ՝ Ռուսաստանի նախագահին 50 օր տալով Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։ Եթե նշված ժամանակահատվածում այս հարցում առաջընթաց չլինի, Թրամփը սպառնացել է «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա այժմ մտադիր է կրճատել վերջնագրի ժամկետը։ «Կարծում եմ՝ այսօրվանից սկսած՝ այն կլինի 10-12 օր», – պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին, թե որքան ժամանակով է մտադիր կրճատել 50 օրը։