«Սպուտնիկ»
«Աէրոֆլոտի» չվերթների համար առցանց գրանցումը հասանելի է և բացվում է մեկնումից 24 ժամ առաջ, երեկվա հաքերային հարձակումներից հետո օդանավակայանում գրանցումը գործում է սովորականի պես, հայտնել է ավիաընկերությունը։
«Աէրոֆլոտը» ավելի վաղ զգուշացրել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է եղել, և հնարավոր են ծառայությունների ընդհատումներ։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Աէրոֆլոտի» տեղեկատվական համակարգերի խափանման պատճառը հաքերային հարձակումն է, և քրեական գործ է հարուցվել համակարգչային տեղեկատվությանը անօրինական մուտք գործելու դեպքի առթիվ։
Հաքերային հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Silent Crow» և «Cyberpartisans BY» հաքերային խմբերը [երկրից դուրս գործող բելառուս հաքերների խումբ]։
Հուլիսի 29-ին չեղարկվել են «Աէրոֆլոտի» Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա երթուղիներով մի քանի չվերթներ։ Այս մասին հաղորդվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքում։
Մասնավորապես, չեղարկվել են ժամը 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթները։ Չեղարկվել են նաև ժամը 06:45-ին և 13:55-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթները։