Շրջափակում, ագրեսիա, անեքսիա. Գազայում, ինչպես Արցախում

  • 15:15 29.07.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է ռազմաքաղաքական կաբինետին ներկայացնել Գազայի հատվածի լիակատար բռնակցման ծրագիր, երեքշաբթի՝ հուլիսի 29-ին, հայտնել է իսրայելական «Հաարեց» թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Թերթը պնդում է, որ Իսրայելը կհայտարարի, որ պաղեստինյան արմատական շարժմանը՝ «Համաս»-ին, մի քանի օր է տալիս հրադադարի համաձայնվելու համար, իսկ հրաժարվելու դեպքում կսկսի պաղեստինյան տարածքների աստիճանական բռնակցումը։

«Հաարեց»-ի աղբյուրների համաձայն՝ նախ կբռնակցվեն բուֆերային գոտու տարածքները, ապա՝ Գազայի հատվածի հյուսիսային հատվածի՝ Իսրայելի Սդերոտ և Աշկելոն քաղաքներին հարակից տարածքները: Գործընթացը կշարունակվի մինչև ամբողջ տարածաշրջանի բռնակցումը: Նեթանյահուն նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աջակցում է այս ծրագրին, գրում է «Հաարեց»-ը:

Թերթի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Բեզալել Սմոտրիչը Նեթանյահուին խոստացել է մնալ կառավարությունում, եթե Գազայի անեքսիայի ծրագիրը կյանքի կոչվի: Ավելի վաղ Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը սպառնացել էին հրաժարական տալ և փլուզել իշխող կոալիցիան, եթե կառավարությունը համաձայնի Գազայի հատվածում հրադադարի, մինչև Համասի լիակատար ոչնչացումը։

Նույն ծրագիրը կյանքի կոչվեց 2023 թվականին Արցախում: Այն սկսվեց 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքի փակմամբ, բնակչությանը սովի դատապարտելով, սեպտեմբերի 19-ին ագրեսիայի ակտով՝ Արցախի կեսի օկուպացիայով, Արցախի ղեկավարությանը ռուսական զորքերի միջոցով «պետությունը լուծարելու» հարկադրմամբ, և ավարտվեց անեքսիայով և բնիկ բնակչության լիակատար տեղահանությամբ։

Հոկտեմբերի 7-ին՝ վերջին հայի՝ Արցախից արտաքսվելուց 2 օր անց, սկսվեց Իսրայելի և Պաղեստինի միջև ևս մեկ պատերազմ: Լիակատար անեքսիայի նախօրեին Նեթանյահուն զանգահարեց Պուտինին, ակնհայտորեն, որպեսզի նա, ինչպես Արցախում, վախեցնի պաղեստինցիներին և ստիպի նրանց տեղահանվել: