Դժվար է ասել, թե քանի հուշարձան կտուժի Արցախում հրդեհներից․ միտում է նկատվում

  • 17:44 29.07.2025

Արցախում մոլեգնող հրդեհների հարցում միտում է նկատվում, նպատակը հայկական հետքն Արցախից ջնջելն է։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Արցախից ստացվող տեղեկությունները կցկտուր են, ադրբեջանական լրատվամիջոցներն ինչ-որ տեղեկություններ են հաղորդում, դա է մեր հիմնական տեղեկատվության աղբյուրը։ Իսկ թե իրականում ինչ է կատարվում, ցավոք սրտի, մենք տեղեկություններ չունենք։ Բայց այն, ինչ ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում կա, արդեն պարզ է, որ որոշակի միտումնավորություն եմ տեսնում, որովհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Քաշաթաղի շրջանի Սուսի գյուղի հատվածում հրդեհների համար երեք հոգու են ձերբակալել, մեկ հոգու Ստեփանակերտում են ձերբակալել։ Եվ նաեւ հրշեջների ու հրշեջ տեխնիկայի քանակը, որն օգտագործվում է այդ հսկայական տարածքների հրդեհները մարելու համար, բնականաբար բավարար չէ։ Հետեւաբար, այստեղ մենք տեսնում ենք դիտավորություն, որի հիմնական նպատակն Արցախի հայկակականության ոչնչացումն է։ Գյուղերը որոշակիորեն կվնասվեն, իրենք հրդեհի անվան տակ կդնեն եւ այդ ամենը կքանդեն, ինչպես արեցին Քարին տակի ու մյուս գյուղերի հետ»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դժվար է ասել, թե քանի հուշարձան կտուժի Արցախի տարածքում այս հրդեհների հետեւանքով։ Ադրբեջանցիները հրդեհների շիջման աշխատանքների անվան տակ կարող են հայկական եկեղեցիների, մելիքական ապարանքների ու մյուս հուշարձանների ոչնչացման գործողություններ ձեռնարկել։

Հարցին, թե ի՞նչ է լինելու Արցախի եկեղեցների հետ, որոնք Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են, ինչ-որ աշխատանք տարվո՞ւմ է այդ ուղղությամբ, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այս հարցի շուրջ կան որոշակի ծրագրեր եւ նախաձեռնություններ, բայց այդ աշխատանքը կանենք, հետո դրա մասին տեղեկատվություն կհրապարակվի։ Այսինքն՝ գործընթացներ են տեղի ունենում, ավելի ուշ մենք կտեղեկացնենք դրա մասին»;

Հարցին, թե հնարավո՞ր է Հայ Առաքելական եկեղեցին միջազգային դատարաններ հայցեր ներկայացնի Արցախի եկեղեցիների հարցով, Լեռնիկ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Եկեք նախօրոք մեկնաբանություններից զերծ մնանք»։

Նրա խոսքով՝ Արցախի նյութական մշակութային ժառանգության մեծ մասը գտնվում էր պետության լիազորության ներքո, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իսկ գործող եկեղեցիները գտնվում էին հոգևոր ենթակայության տակ։

Ռոզա Հովհաննիսյան