Ծուղակ արցախցիների համար. ինչ է լինելու 2025 թ. դեկտեմբերի 31-ից հետո

  • 13:06 30.07.2025

Մինչև 2025 թվականի վերջը կավարտվի արցախցիների ֆինանսական օգնության ծրագրի մնացորդը, որը տարվա ընթացքում կրճատվել էր 50-ից մինչև 40 և 30 հազար դրամ, և միայն անապահով ընտանիքներին էհասանելի։ Ծրագիրը կարող է շարունակվել կամ չշարունակվել՝ ամեն ինչ կախված է ՀՀ կառավարության քմահաճույքից։

Արցախցիները հուսահատված հարցեր են տալիս սոցիալական պայմանների բարդ համակարգից տեղյակ մարդկանց. եթե իմ անչափահաս որդին բացակայել է երկրից 2 շաբաթ, օգնություն հասնո՞ւմ է, ի՞նչ կլինի, եթե երեխան ծնվի կառավարության որոշմամբ նշված ժամկետից մեկ օր անց, և ի՞նչ կլինի, եթե ծնողներս մահանան՝ չհասցնելով բնակարանային ծրագրում ընդգրկվել։

Սարսափելի, գրեթե ցինիկ իրավիճակ, երբ մարդիկ, ովքեր միանգամից զրկվել էին ամեն ինչից և, կարծես, հայտնվել մեծ հայրենիքում, հանկարծ հասկացան, որ իրենց բոլոր իրավունքները սահմանափակված են. չես կարող հեռանալ, հակառակ դեպքում կկորցնես աջակցությունը, տուն ես գնել վկայականով, բայց քո սեփականությունը չէ, թոքր ընտանի՞ք ես, որեմն տուն գնելու համար միավորվիր մեկ այլ ընտանիքի հետ, կապրեք կոմունայով։

Անձնագրային բաժանմունքներում արցախցիների հերթեր են, որոնք ցանկանում են վկայական ստանալ, ապա որոշել՝ սահմանամերձ գյուղում խարխուլ տո՞ւն գնել, թե՞ ինչ-որ կերպ հիփոթեք վերցնել և ամբողջ կյանքում բանկի համար աշխատել։ Ելք չկա. իրավազրկող նվաստացման համակարգը կատարյալ է։

Իսկ շուրջը մարդիկ կամ բոտեր են, որոնք արցախցիների յուրաքանչյուր բողոքի ժամանակ սոցիալական ցանցերում վիրավորական մեկնաբանություններ են գրում։ Մեկը նույնիսկ արցախցիներին օրինակ բերեց պաղեստինցիներին, ովքեր երկու տարի տառապում են, բայց չեն հեռացել։ Նրանք մահանում են, բայց չեն հեռանում։ Դուք էլ պետք է մնայիք և մեռնեյիք՝ ավելի քիչ խնդիրներ կլինեին։

Պաղեստինցիները գնալու տեղ չունեն, նրանք այլ հայրենիք չունեն։ Եվ այս երկու տարվա ընթացքում 2 միլիոն պաղեստինցիներից 140 հազարը սպանվել է, նույնքան, որքան արցախցի էր Արցախում։ Իսկ արցախցիներն ունեն հայրենիք՝ դա Հայաստանն է, որի Սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Լեռնային Ղարաբաղի, Շահումյանի շրջանի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման մասին որոշման հիման վրա։

Սակայն 2020-2023 թվականներից հետո արցախցիները Հայաստանում չեն համարվել «ներքին տեղահանված անձինք», նրանց կապույտ անձնագրերը չեն ճանաչվել, և նրանց տրվել է «ժամանակավոր պաշտպանության վկայական»։ Եթե արցախցիները համարվեին ներքին տեղահանված անձինք, ապա Հայաստանը պետք է նրանց փոխհատուցում վճարեր կորցրած գույքի համար և միջազգային ասպարեզում պայքարեր արցախցիների՝ որպես իր քաղաքացիների իրավունքների համար։

Բայց արցախցիներին փախստականի կարգավիճակ էլ չի տրվել, քանի որ դա կլիներ ՀՀ Սահմանադրության և Անկախության հռչակագրի կոպիտ խախտում։ Արցախը չի համարվել «այլ երկիր», քանի որ այն Հայաստանի մաս է, որտեղից վտարվել են Հայաստանի քաղաքացիները։ Բայց եթե արցախցիները ճանաչվեին որպես փախստականներ, ապա միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա պետությունները ստիպված կլինեին նրանց տրամադրել բոլոր սոցիալական երաշխիքները։

Արցախցիները ճանաչվեցին ոչ ոք. «ժամանակավոր պաշտպանության վկայական» ստանալիս նրանց ստիպել են ստորագրել հայտարարություն, որ իրենք որևէ երկրի քաղաքացիություն չունեն։ Միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպությունները չեն ընդունում արցախցիների դիմումները՝ նշելով, որ Հայաստանը նրանց ժամանակավոր պաշտպանության տակ է վերցրել։ Սա Արցախի ողջ բնակչությանը պատանդ է դարձրել Հայաստանի կառավարությանը, նրա անհոգի էլեկտրոնային սոցիալական օգնության համակարգին և բոտերի մի ամբողջ բանակի, որոնք ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Արցախի ժողովուրդը ոչ մի իրավունք չունի Հայաստանում։ Սա կատարյալ թակարդ է։

Որքա՞ն ժամանակ կգործեն փախստականի վկայականները, ի՞նչ կլինի, երբ դեկտեմբերի 31-ին ավարտվի արցախցիների սոցիալական օգնության ծրագիրը, և նրանց մեծ մասը ստանա նոր կապույտ անձնագրեր և դիմի բնակարանային ծրագրին, որն ավարտվում է 2027 թվականի դեկտեմբերին։

ՀՀ կառավարությունը փորձում է արցախցիներին “սահուն, բայց կոտրելով” ինտեգրել, և ոչ թե կոլեկտիվ սկզբունքով, այլ որպես ընտանիքներ, որպեսզի յուրաքանչյուրը մտածի իրեն, այլ ոչ թե կոլեկտիվ իրավունքների համար, որպեսզի արցախցիները չզգան իրենց համայնքի մաս և չհիշեն 1989 թվականի որոշումը։ Դրա համար Հայաստանի կառավարությունը, որը չի հանդուրժում «պետություն պետության մեջ», թույլ է տվել, որ Արցախի խորհրդարանը երկարացնի սեփական լիազորությունները։ Ճիշտ է, Արցախի նախագահը աննկատ անհետացել է, բայց խորհրդարանը պահպանվում է, որպեսզի 1989 թվականին վերադարձ չլինի։

Արցախի խորհրդարանը կարող է ունենալ միայն մեկ գործառույթ՝ անընդհատ հիշեցնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման մասին, հիշեցնել, որ Հայաստանում գտնվող արցախցիները ՀՀ լիարժեք քաղաքացիներ են, իսկ Հայաստանի կառավարությունը խախտում է Սահմանադրությունը՝ հայկական անձնագրեր ունեցող 150 հազար մարդկանց վերածելով իրավազուրկ զանգվածի՝ առանց սոցիալական երաշխիքների և առանց իրենց անձնական ու կոլեկտիվ սեփականությունը վերադարձնելու իրավունքի։

ՀՀ կառավարությունը կդատվի դրա համար։