Ուկրաինան բողոքում է քիմիական զենքից։ Իսկ ո՞վ է Բաքվին մատակարարել Արցախում օգտագործված ֆոսֆորը

  • 16:24 30.07.2025

Ուկրաինայի զինված ուժերի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից քիմիական զենքի կիրառման ավելի քան 10,000 դեպք է գրանցվել, և ապացույցները ներկայացվել են միջազգային կազմակերպություններին։

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքուն Արցախում օգտագործել է ֆոսֆորային զենք, և, ինչպես նշվել է ԱՄՆ Կոնգրեսում, այդ զենքը Բաքվին մատակարարվել է Ուկրաինայի կողմից։

2022 թվականին Արցախի դատախազության մամուլի ծառայությունը հետաքննություն է անցկացրել, որի շրջանակներում Մարտունի քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված չպայթած հրթիռը և դրանից վերցված նմուշները ներկայացվել են փորձաքննության։ Անկախ փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացությունը (եզրակացությունը ստացվել է 07.12.2022 թվականին) ապացուցել է, որ հրթիռը սպիտակ ֆոսֆորից բաղկացած ֆոսֆորային զինամթերք է։

Այսպիսով, փորձագիտական ուսումնասիրության արդյունքների համաձայն, պարզվել է, որ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են քիմիական զենք, ինչը հանգեցրել է զանգվածային ավերածությունների և բազմաթիվ մարդկային կորուստների, տառապանքների և վնասների, և անմիջականորեն հարվածել է բնակավայրերին, որտեղ գտնվում էին խաղաղ բնակիչներ։

Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորային զինամթերք, որը օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս հայտարարությունը 2022 թվականին արել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Ելույթ ունենալով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին իր հանձնաժողովում լսումներում, նա ասել է, որ այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը «լայնորեն լուսաբանվել է»։ «Ցավոք, [այդ զինամթերքը] մատակարարվել է Ուկրաինայի կողմից», – ասել է ամերիկացի օրենսդիրը։