ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում, հուլիսի 29-ին հանդիպել է Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Նրանք մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների ընթացքին։ Գոհունակությամբ նշվել է պաղեստինցի դիվանագետների մասնակցությունը Հայաստանի դիվանագիտական դպրոցի կողմից իրականացված օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագրին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել Է Պաղեստինի անկախությունը։ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ երկիրն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ընդգծվել է, որ Երևանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման «երկու պետությունների» սկզբունքին: