Իրար հրաժեշտ տվեցինք՝ հույս պահելով, որ մի գեղեցիկ օր կհանդիպենք Գանձասարում

  • 18:18 30.07.2025

Ինչո՞ւ են արցախցիները տարբերվում բոլորից աշխարհի որ ծայրում էլ լինեն՝ նույն հայացքն ունեն, նույն թախծոտ ու մտազբաղ աչքերը: Տղամարդը, որ նստած էր մանկական խաղահրապարակում տեղադրված նստարաններից մեկին, գրավեց իմ ուշադրությունը։ Նայում էր շուրջն ուրախ թռչկոտող երեխաներին, երբեմն ժպտում, երբեմն հոգոց հանում փոքրիկները տարբեր ազգություններից էին՝ հայ, ռուս, ուզբեկ, թաթար: Զգացվում էր, որ տղամարդը մտքով ուրիշ տեղ էր գո՞ւցե իր, կամ իր երեխաների մանկությունն է հիշում, կամ էլ պարզապես հայրենի հողն է կարոտում:

2023-ի տեղահանությունից ի վեր, բազմաթիվ բնակավայրեր փոխելուց հետո, աշխատանք գտնելու համար արցախցի Դավիթը (անունը փոխված է ) հասել է մերձմոսկովյան քաղաքներից մեկը ընտանիքը Կրասնոդարում է։

 -Մարտակերտի շրջանի Վանք գյուղում եմ ծնվել, մեծացել։ Գանձասարի չքնաղ բնության մեջ է անցել երիտասարդությունս։ Աշխարհի ոչ մի անկյուն չի կարող փոխարինել իմ բնաշխարհին։ Միշտ էլ այդ կարծիքին էի։ Երբ կորցրինք Արցախն ու սփռվեցինք աշխարհով մեկ, կրկին համոզվեցի, որ իմ բնօրրանից լավը չկա ու չի կարող լինել։ Ընտանիք կազմելուց հետո տեղափոխվել եմ Ստեփանակերտ, սակայն կապը հարազատ գյուղիս հետ երբեք չեմ կտրել։ Այնտեղ էին ապրում ծնողներս, ընկերներս, հարազատներս։ Ոտքիս մեկը միշտ Վանքում էր։ Արցախյան առաջին պատերազմից ի վեր Արցախում մեր ապրած ամեն մի օրը վտանգված էր, քանի որ թշնամին չէր դադարում սադրել։ Սակայն, անկախ ամեն ինչից, մենք շարունակում էինք ստեղծել, հզորանալ։ Զբաղվում էի հողագործությամբ, մեղվապահությամբ։ Շրջափակման ժամանակ մեր հողը, մեր անտառները կերակրում էին մեզ,- ասում է նորածանոթ հայրենակիցս։

Դավիթի կինն առողջական լուրջ խնդիրներ ունի Ստեփանակերտում մի շարք վիրահատություններ է տարել։ 2022-ի վերջին վիճակն այնքան էր վատացել, որ տեղափոխվել են Երևան՝ կրկին վիրահատվելու։

-Հայաստանում էինք, երբ փակվեց Արցախի հետ կապող միակ ճանապարհը, ու մենք այլևս չկարողացանք վերադառնալ տուն։ Կնոջս առողջությունն էլ օրեցօր վատանում էր։ Ստեփանակերտում էին մնացել արդեն ընտանիք կազմած ավագ դուստրս և 14-ամյա կրտսեր աղջիկս։ Այդ ամիսները շատ դաժան էին մեզ համար, քանի որ կտրված էինք բոլորից։ Միակ ուրախությունն այն էր, որ այդ ընթացքում ծնվեց թոռնիկս։

Չգիտեինք, թե մեզ էլ ինչեր են սպասվում։ Փոքր աղջիկս արդեն չէր դիմանում կարոտին։ 2023-ի սեպտեմբերի սկզբին ռուս-խաղաղապահների միջոցով նա դուրս բերվեց Արցախից, որպեսզի հետո միասին վերադառնայինք տուն։ Սակայն ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը արցախահայությանը կանգնեցրեց փաստի առաջ՝ կամ պետք է լքեինք հայրենի հողը, կամ էլ ցեղասպանվեինք։ Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց։ Բոլորս հայտնվեցինք դրսերում։ Հայաստանից տեղափոխվեցինք Կրասնոդարի երկրամաս, սակայն կնոջս վիճակն ավելի վատացավ ու կրկին վերադարձանք Հայաստան՝ քիմիոթերապիա ընդունելու համար։ Որոշ ժամանակ հետո նորից մեկնեցինք ՌԴ։ Ընտանիքս Կրասնոդարում է, ես այստեղ շինարարությամբ եմ զբաղվում, բնակվում հարազատներիս տանը։ Ինչ կլինի հետագայում՝ դժվարանում եմ ասել։ Միայն մի բան գիտեմ՝ Արցախից դուրս ամեն ինչ խաբուսիկ է․ ոչինչ չի կարող փոխարինել իմ հարազատ բնօրրանին։

Աստծուն խնդրում եմ, որ այնպես անի, որ տուն վերադառնանք։ Ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը կրկին իր հողում կապրի, նորից կյանքն Արցախում հայկական կլինի։

Օրը մթնում էր, զրույցը երկարում, հիշողությունները պայծառանում։ Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու, երկու արցախցիներով իրար հրաժեշտ տվեցինք՝ հույս պահելով, որ մի գեղեցիկ օր կհանդիպենք Գանձասարում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ