Քննարկում․ Բաքուն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում

  • 20:16 30.07.2025

Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին եւ հայ հասարակության դեմ հոգեբանական պատերազմ է մղում։ Հոգեբանական պատերազմի միջոցով Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ հայ հասարակությունը չխոսի ռազմագերիների մասին, նաեւ չխոսի Արցախի Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրման, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի ոտնահարման մասին։ Ադրբեջանն այս բոլոր գործիքներն օգտագործում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից ու հայ հասարակությունից պատասխան չստանա իր ապօրինի գործողությունների համար։

Այս մասին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գրասենյակում այսօր կազմակերպված «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին հայ հասարակության դեմ հոգեբանական զենք դարձնելու ռազմավարությունը եւ դրա հետևանքները մարդու իրավունքների համատեքստում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Մնացականյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող շինծու դատավարություններին։

Նա նշեց, որ հայ ռազմագերիների նկատմամբ բռնություն ու դաժան վերաբերմունք ցուցաբերելով, այդ մասին տեսագրություններ ցուցադրելով՝ Ադրբեջանը խախտում է Ժնեւի եւ Հաագայի կոնվենցիաները եւ հոգեբանական պատերազմ է մղում հայ ժողովրդի ու ՀՀ դեմ։

Ըստ նրա՝ Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատական գործընթացների նպատակը կոնկրետ անձանց պատժելը չէ, Ադրբեջանը հայ ռազմագերիներին օգտագործում է որպես հաղթաթուղթ, որպեսզի պատժի եւ օգտագործի մի ամբողջ հասարակության, որպեսզի հայ հասարակությանը պահի սթրեսի մթնոլորտում, քայքայի հայ հասարակության ինտելեկտուալ բոլոր կարողությունները եւ դրանով կանխի հետագա հնարավոր պատասխան գործողությունները։ Եվ սա բավականին խորքային մտածված ռազմավարություն է Ադրբեջանի կողմից։

Զուգահեռ Ադրբեջանը բավական ակտիվ է աշխատում միջազգային գիտական կազմակերպությունների հետ, խեղաթյուրում ու կեղծում է պատմությունը, կան բազմաթիվ ճանաչված գիտական վերլուծաբաններ, գիտնականներ, որոնք, Անժելա Մնացականյանի խոսքով, միջազգային ասպարեզներում ավելի շատ տարածում են այն նարատիվները, որոնք մշակվում են Ադրբեջանում։ «Եվ սա էլ շատ վտանգավոր է հայ հասարակության ու Հայաստանի համար»,- հավելեց նա։

Հայ գերիների խոշտանգումը եւ հրապարակային նվաստացումը վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ոչ միայն Ժնեւյան կոնվենցիան, այլ նաեւ մարդու հիմնարար իրավունքները։ Բանախոսը նշեց, որ հայկական կողմը պետք է ակտիվ լինի, միջազգային հարթակներում պետք է հակազդենք Ադրբեջանի ապատեղեկատվությանը։

Նա նաեւ անդրադարձավ հարցին, ու Ադրբեջանում միջազգային կազմակերությունների ներկայությունը սահմանափակվել է, օրինակ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի կառույցներին ուղղակի ասել են՝ լքեք Ադրբեջանի տարածքը։ Այսինքն՝ չնայած միջազգային կոնվենցիաները գործում են, բայց Ադրբեջանն ինչ ուզում՝ անում է։

Համաձայն 1949 թվականին ընդունված Ժնեւի երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիները պետք է պաշտպանված լինեն խտրական վերաբերմունքից, պետք է հարգվի նրանց արժանապատվությունը, արգելվում են խոշտանգումները, նվաստացումները եւ արժանապատվության ցանկացած խախտում։ Բացի այդ, ռազմագերիները իրավունք ունեն արդար դատաքննության, եւ պետությունը պարտավոր է ապահովել նրանց հայրենադարձվելու իրավունքը։

Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ դատարանը, Ադրբեջանի դեմ կիրառելով ժամանակավոր միջոցներ, սահմանել է, որ Ադրբեջանը պարտավոր է 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված եւ Ադրբեջանում պահվող բոլոր անձանց պաշտպանել բռնությունից ու մարմնական վնասվածքներից, ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջեւ հավասարությունը։ Human Rights Watch-ը 2021 թվականի մարտի 19-ի զերուցով հաստատել է, որ հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի։ Իսկ Եվրոպական խորհրդարանը 2021 թվականի մայիսի 20-ին ընդունած բանաձեւով դատապարտել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ձերբակալումը, պահանջել է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ գերիներին, ընդգծել է ձերբակալությունների քաղաքական բնույթը եւ կեղծ մեղադրանքների կիրառումը։