Զանգեզուրից հետ դեպի Արցախ. Էդմոն Մարուքյանի “կրուտիտը”

  • 13:48 31.07.2025

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի Սյունիքում արված հայտարարությունները, որտեղ նա չգիտես ում կոչ էր անում բացել «Սյունիքի դարպասները», ջղայն արձագանք են առաջացրել հայ հասարակության մեջ։

Փաշինյանի նախկին հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սյունիքի «դարպասները» միշտ էլ բաց են եղել Հայաստանի և Իրանի համար, և որ Հայաստանը չի փակել տարածաշրջանային ճանապարհները։ Նա նաև ասել է, որ «քանի որ Ղարաբաղ արդեն չկա», Սյունիքով անցնող միջանցքի մասին ևս պետք է մոռացվի։

Էդմոն Մարուքյանը նկատի ունի թերևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որի մասին նույնիսկ նրա ստորագրողները վաղուց չեն խոսել։ Չնայած այս հայտարարությունը Մեղրիի ճանապարհը ուղղակիորեն չի կապում Բերձորի միջանցքի հետ, ՀՀ իշխանությունները, համաձայնվելով Արցախի մահացու շրջափակմանը, կեղծ հայտարարում էին, որ եթե սկսենք խոսել Բերձորի միջանցքի մասին, Բաքուն կպահանջի «Զանգեզուրի միջանցքը»։

Ալեն Սիմոնյանը, որը, հավանաբար, Մալդիվներում չի լսել Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, մեկ անգամ չէ, որ խոսել էր այս մասին։ ՔՊ այլ պաշտոնյաներ նույնպես խոսել են այդ մասին, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրան որևէ հղում չկա։

2023 թվականի հոկտեմբերի 6-ից՝ արցախցիների լիակատար տեղահանությունից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կարծես, պետք է կորցրեր իր ուժը, այդ թվում՝  Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության ներքո դեպի Նախիջևան տանող ճանապարհ ապահովելու Հայաստանի պարտավորության մասով։

Սակայն Մեղրիի ճանապարհի մասին խոսակցությունները՝ տարբեր մոդիֆիկացիաներով, երբեմն շվեյցարական, երբեմն ամերիկյան վերահսկողության ներքո, ավելի ու ավելի բարձր են հնչում։ Պաշտոնական Երևանը չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ շարունակելով քննարկել Մեղրիի ճանապարհի հարցը։

Եւ թեկուզ հրապարակայնորեն ՀՀ-ն չի պահանջում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում ստատուս քվոյի վերականգնումը, այս ամենը նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ, և նույնիսկ եթե այն չի հիշատակվում, Արցախը անտեսանելիորեն ներկա է բոլոր միջազգային համաձայնագրերում։ Այն ոչ միայն ներկա է, այլև որոշիչ գործոն է՝ Արցախի օկուպացիայի միջազգային ճանաչումը կնշանակի ներկայիս աշխարհակարգի փլուզում։

Էդմոն Մարուքյանը և ուրիշները ապարդյուն փորձում են «քանի որ Ղարաբաղ չկա»-ն ներկայացնեն որպես կատարված փաստ։ Սխալվում են․ եթե Ղարաբաղը չլիներ, Թուրքիան այսօր չէր հայտարարի, որ ոչ մի երկիր Շուշիում հյուպատոսություններ չի բացել, նույնիսկ ինքը՝ Թուրքիան։ Շուշիում ժամանակ առ ժամանակ հայտնվում են թռչուններ, այդ թվում՝ դեսպաններ, բայց ոչ մի երկիր չի ցանկանում իրեն արատավորել Արցախում Բաքվի հետ թունավոր համագործակցությամբ։ Բոլորը լավ գիտեն, որ խնդիրը չի լուծվել, և այնտեղ ցանկացած ներդրում նման է մաղով ջուր կրելուն։

ՀՀ կառավարությունը տիրապետում է տարածաշրջանի բոլոր հաղթաթղթերին՝ Կարսի պայմանագիրը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերանայելու իրավունքին, բայց չի օգտագործում դրանք՝ նախընտրելով խաղալ “վեցի” պես՝ ձևացնելով, թե ջոկեր է։