Ք․Քոքսի անվան Կենտրոնի սաները պատվով մասնակցեցին «Հրաշք մարզախաղերին»

  • 20:18 31.07.2025

Օրերս Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 12-րդ մարզախաղերի շրջանակներում անցկացված «Հրաշք մարզախաղերին» մասնակցեցին նաև Արցախի ներկայացուցիչները, այդ թվում Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շահառուները, որոնք տարիներ շարունակ մասնակցում էին կենտրոնի կողմից կազմակերպված Բոչիայի առաջնությանը և այլ սպորտային միջոցառումներին, զբաղեցնելով պատվավոր մրցանակային տեղեր:

Միջոցառմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձնիք Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Միջոցառման մասնակիցները հանդես եկան տարբեր սպորտաձևերում՝ վազք, բասկետբոլ, ֆուտբոլ և բոչիյա։

Բոլոր մասնակիցները ցուցադրեցին իրենց լավագույն կարողությունները, իսկ առաջին, երկրորդ, երրորդ տեղեր զբաղեցրած անձինք պարգևատրվեցին մեդալներով:

Ուրախալի է նշել, որ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը հերթական անգամ բարձր պահեց Արցախի և արցախցիների պատիվը, բոլոր սպորտաձևերում զբաղեցնելով պատվավոր տեղեր և արժանանալով մեդալների:

“Այսպիսի նախաձեռնությունները չափազանց կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ խթանում են նրանց ինտեգրումը հասակակիցների ու հասարակության լայն շրջանակի հետ, ամրապնդում են ինքնուրույնությունը, վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Իսկ այս ամենը նպաստում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական վերականգնմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Շնորհակալություն ենք հայտնում Հ.Մ.Ը.Մ.-ին հրավերի, ջերմ ընդունելության և ներառական միջավայր ստեղծելու համար”, նշում են Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի ներկայացուցիչները:

Մթնուլորտին լրացուցիչ ջերմություն հաղորդեցին արցախյան խորհրդանիշներով սպորտային վերնաշապիկները, որոնցում հանդես եկան բոլոր մասնակիցները։

Արսեն Աղաջանյան