Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, վերջերս Բելգիայի ներկայացուցիչների պալատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւը՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները, իսկ ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ։ Զուգահետ արեւմտյան մամուլը, այդ թվում՝ ազդեցիկ լրատվամիջոցներ, քննադատում են Ալիեւի քաղաքականությունը։ Ի՞նչ է տեղի ունենում, միջազգային հանրության վերաբերմունքն Ալիեւի քաղաքականության նկատմամբ փոխվե՞լ է, եթե այո, ինչո՞վ եք դա բացատրում։
-Այո, վերաբերմունքը փոխվել է, ուժեղանում է քննադատությունը՝ եւ քաղաքական տիրույթում, եւ ԶԼՄ-ների շրջանում այսօր դա քննարկվող թեմա է։ Եվրամիության հանձնաժողովի առջեւ դնում են խնդիր՝ վերանայելու Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ առ այսօր Ադրբեջանը չի կատարել որեւէ քայլ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցիների համար պայմաններ ապահովելու ազատ եւ անվտանգ հայրենիք վերադառնալու ուղղությամբ։ Եվ այդ խնդրի տակ թաքնված է, որ Արդբեջանը պետք է համաձայնություն տա Արցախում միջազգային կառավարմանը եւ միջազգային զորքերի տեղակայանը, ինչն ինքն առ այսօր չի կատարել։
–Իսկ հետագայում ավելի կոշտ ճնշումներ կարո՞ղ են լինել Ադրբեջանի նկամամբ։
-Այո, ես ենթադրում եմ, որ այդ խնդիրը գնալով ավելի սուր է դառնալու։
-Այն, որ Ադրբեջանը նաեւ Հայաստանի հարցով է պահանջներ ներկայացնում, մասնավորապես, վերջերս Ալիեւը հայտարարեց, որ Սյունիքի ճանապարհին ոչ մի հայ սահմանապահ չպետք է լինի, սա եւս անընդունելի՞ է միջազգային հանրության համար։
-Դրանք արձանագրվում են որպես քայլեր՝ ընդդեմ խաղաղ կարգավորման։ Եվ, բնականաբար, նաեւ դա հաշվի առնելով՝ փոխվում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ։ Արդեն այդ փաստարկները չեն գործում, որ Ադրբեջանն իբր ուզում է «խաղաղության պայմանագիր» կնքել, պետք չէ խանգարել, պետք չէ Ադրբեջանին քննադատել հայերի էթնիկ զտման համար, կկնքվի պայմանագիրը, հետո այդ հարցերին կանդրադառնանք։ Այդ տրամաբանությունը, այդ քաղաքական փիլիսոփայությունն արդեն չի գործում։
Ռոզա Հովհաննիսյան