Ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ հուլիսի 31–ին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նա նշեց, որ ճանաչում է Գարեգին Իսագուլյանին, սակայն որևիցե հարաբերություն չունի նրա հետ։
Դատախազը՝ դիմելով Սամվել Բաբայանին, նշեց. «Livenews.am և Մամուլ.am լրատվական կայքերում հարցազրույց է տեղի ունեցել, որտեղ նշվել է, որ դուք կազմակերպել եք, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի, Արթուր Աղաբեկյանի, Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի դեմ սպանության նախապատրաստությունը։ Բացի այդ, Բաքվի բանտում գտնվելու ժամանակ թուրքերի պահանջով բազմաթիվ հայերի տանջամահ եք արել։ Այս հայտարարությունների հե՞տ են կապված ձեր հայցերը դատարանում»։
Սամվել Բաբայանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ այդ հայտարարությունների հետ կապված դիմել է քաղաքացիական դատարան, սակայն դեռ դատաքննությունը չի սկսվել։
Հարցին՝ ի՞նչ դրդապատճառ, շարժառիթ կարող էր ունենալ Գառնիկ Իսագուլյանի կողմից նման հայտարարություններ անելը, ինչու է թիրախավորվել հենց ինքը, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես կխնդրեի այդ հարցը ուղղել Գառնիկ Իսագուլյանին»։
«Անկեղծ, ես չեմ շփվել իր հետ, ընդհանրապես, ես հասկանում եմ դա քաղաքական կոնտեքստում։ Մարդիկ իրենց հայտարարություններն են անում, դրա համար կա քննչական մարմին, եթե հայտարարության մեջ ասվածը ճշմարտություն է, հարցաքննել, ճշտեն, եթե ես այդ անձն եմ, ձերբակալեն, եթե չէ՝ նեղություն խնդրեն», ասել է Բաբայանը։
Իր հերթին Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Այդպես ասեմ, մարտական ընկերոջիցս ներողություն եմ խնդրում այն բաների համար, որ ասել եմ։ Դե պատերազմը պարտվել ենք, և ամեն մեկս մեղավորություն ունենք»։