DW
Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ կաշառակերության հետ կապված այսպես կոչված «ադրբեջանական գործով»։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին, հայտնել է AFP գործակալությունը։
Բացի այդ, դատարանը որոշել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգորդից բռնագանձել մոտ 110,000 եվրո, որը նա, ենթադրաբար, ստացել է Լինթներից։
«Ադրբեջանական գործով» մեղադրյալների թվում էին քաղաքական գործիչներ Աքսել Ֆիշերը Կարլսրուեից և Էդուարդ Լինթները Ստորին Ֆրանկոնիայի Բավարիայի շրջանից։ Առաջինը մեղադրվում էր կաշառակերության մեջ, երկրորդը՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու նպատակով։
Հետաքննության համաձայն՝ Լինթները, որը ԵԽԽՎ անդամ է 2010 թվականից, 2016 թվականին մի քանի միլիոն եվրո է ստացել 19 ֆիկտիվ ընկերությունների միջոցով։ Այս գումարի մի մասը նա փոխանցել է համաժողովի այլ անդամների, որոնք, ըստ հետաքննիչների, պետք է ազդեին իր ցանկալի որոշումների վրա։ Դատավճռի համաձայն՝ 2014 թվականին Լինթները համաձայնության է եկել Շտրենցի հետ, որ նա ԵԽԽՎ-ում քվեարկելու է Ադրբեջանի շահերից ելնելով և դրա համար ամսական ստանալու է մոտ 7500 եվրո։ Էդուարդ Լինթները պնդել է, որ սա «լիովին նորմալ լոբբինգ» է։ Սակայն դատարանը մերժել է այս տարբերակը։
2021 թվականի մարտին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում։ Մինչ այդ դատարանը նրան զրկել էր անձեռնմխելիությունից։ Մյուս երկու մեղադրյալների դեմ դատավարությունը դադարեցվել է տուգանք վճարելուց հետո։ Ֆիշերի դեմ դատավարությունը կվերսկսվի աշնանը. դադարը պայմանավորված էր նրա առողջական վիճակով։