«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» Իտալիայում կմասնակցի միջազգային ժողովրդական արվեստի փառատոններին

  • 21:24 31.07.2025

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ–ն ստացել է պաշտոնական հրավեր՝ որպես Հայաստանի մշակութային պատվիրակություն մասնակցելու 2025 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում կայանալիք միջազգային ժողովրդական արվեստի փառատոններին։ Փառատոնները կազմակերպվում են Ֆոլկլորային փառատոնների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհրդի՝ CIOFF®️-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկերությամբ։

Միջոցառումները անցկացվելու են Իտալիայի մի շարք քաղաքներում՝ լայն միջազգային ընդգրկմամբ՝ ներգրավելով մշակութային պատվիրակություններ, մասնագիտական հանրություն և հազարավոր հանդիսատես։

Փառատոնին Հայաստանը կներկայացնի «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կազմում գործող Արցախի երկու պետական համույթները՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը։

Պատվիրակությունն արդեն ժամանել է Իտալիա և կմասնակցի փառատոնային ծրագրին՝ համատեղ մշակութային ներկայացումներով՝ նպատակ ունենալով արժանապատվորեն ներկայացնել հայկական, մասնավորապես՝ արցախյան ավանդական երաժշտությունն ու պարարվեստը։

Այս հրավերը կարևոր գնահատանք է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հետևողական աշխատանքի, որը միտված է պատերազմից և բռնատեղահանումից հետո արցախյան մշակութային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչմանը։

Մեր մասնակցությունն ունի նաև խորքային խորհրդանշական նշանակություն։ Այն ներկայացնում է արցախյան մշակույթը որպես ազգային դիմադրության և հարատևության խորհրդանիշ՝ համաշխարհային մշակութային հարթակում։