ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում. Ուկրաինայի հարցով համաձայնագիր պետք է լինի մինչև օգոստոսի 8-ը։ Թե չէ ի՞նչ։

  • 11:29 01.08.2025

Միացյալ Նահանգները պաշտոնապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման մասին. Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրը պետք է կնքվի մինչև օգոստոսի 8-ը։

Այս հայտարարությունն արել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջոն Քելլին՝ դիմելով Անվտանգության խորհրդի տասնհինգ անդամ երկրներին, հաղորդում է Reuters-ը։

«Եվ՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է համաձայնվեն հրադադարի և երկարատև խաղաղության։ Ժամանակն է համաձայնության գալ։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար», – ասել է Քելլին։

Վաշինգտոնը բանակցություններ է վարել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Ոչ մի առաջընթաց չի գրանցվել, Կրեմլը չի ցանկանում դադարեցնել ագրեսիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում։ Ռուբիոն հաստատել է, որ Ռուսաստանի իշխանությունների հետ ևս մեկ զրույցն անօգուտ է։ «Մենք այս շաբաթ զրույց ունեցանք ռուսների հետ, և մենք ոչ մի առաջընթաց չենք տեսել», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Ռուսաստանի համար Թրամփի կողմից սահմանված վերջնաժամկետները հարց են առաջացնում. եթե Ռուսաստանը չհամաձայնվի, ապա ի՞նչ։

«Նախագահն ունի տարբերակներ՝ թույլատրելու երկրորդային պատժամիջոցներ ռուսական նավթի վաճառքի նկատմամբ, որը կազմում է նրանց եկամտի մեծ մասը: Կան բանկային պատժամիջոցներ: Բանկերի դեմ ոլորտային պատժամիջոցներ, որոնք նույնպես շատ հզոր կլինեն», – զգուշացրեց պետքարտուղարը։

Վերլուծաբանները, սակայն, զգուշացնում են, որ Թրամփն ունի մեկ այլ տարբերակ՝ հեռանալ բանակցություններից և թույլ տալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնուրույն “կարգավորեն” իրենց հարցերը։