Ինչքան օգնություն է տրվել արցախցիներին․ նախարարությունը թվեր է ներկայացրել

  • 14:38 01.08.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է հաշվետվություն՝ 2023 թվականից մինչ այժմ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ։
Ըստ այդմ, 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման և աջակցության նպատակով՝ ՀՀ Կառավարությունն իրականացրել և շարունակում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր։
Մասնավորապես՝
✅ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի 1675 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ միանվագ 100,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թ․ հոկտեմբեր-2024 թ․նոյեմբեր,
Շահառուների թիվը՝ շուրջ 114000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 11,4 մլրդ դրամ։
✅ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԿԱՄՍՅԱ 50 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի 1957 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ամսական 50,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 95000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 8,5 մլրդ դրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 1 մլրդ դրամ։
✅ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի 1763 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ 40,000+10,000 դրամ․ 40,000 դրամ՝ վարձակալության, 10,000 դրամ՝ կոմունալ ծախսերի հատուցման համար,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 18 ամիս՝ 2023 թ․ հոկտեմբեր – 2025 թ․ մարտ,
Շահառուների թիվը՝ միջինում ամսական շուրջ 104000 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2023-25 թթ․ համար՝ շուրջ 85 մլրդ դրամ,
Գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված գումար՝ շուրջ 6 մլրդ դրամ։
✅ LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՆՁԱՆՑ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾԱԽՍԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի 1833 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ, 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 9 ամիս՝ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ միջին ամսական շուրջ 79600 հազար անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2025 թ․ համար՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։
✅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 Թ․ ԱՊՐԻԼԻ 11-Ի 417 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ընտանիքի առաջին անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած ընտանիքի երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 7 ամիս՝ 2025 թվականի հունիս-դեկտեմբեր,
Շահառուների թիվը՝ 31.07․2025 թ․ դրությամբ դիմում է ներկայացրել 15,100 ընտանիք (ներկայացված տվյալները ստուգումների փուլում են)։
✅ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի 57 Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը։ Ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում՝ շահառուին հնարավորություն է տրվում անցնել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այս դեպքում՝ պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ՝ 50,000 դրամի չափով, ինչպես նաև տրվում է հարկերի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ երեք ամիս ժամկետով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ ամսական 165,000 դրամի չափով, ամսական կտրվածքով՝ ներառյալ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը: Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպումից հետո երեք ամիս ժամկետով ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50,000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Երրորդ բաղադրիչի շրջանակում առաջին երկու բաղադրիչները կազմակերպվում են համատեղ:
Շահառուն ընդգրկվում է մինչև վեց ամիս տևողությամբ իրականացվող ուսուցման համապատասխան դասընթացում՝ ստանալով առավելագույնը 50,000 դրամ՝ ուսման վարձի փոխհատուցում և ևս 50,000 դրամ կրթաթոշակ: Ուսուցումն ավարտելուց հետո գործատուի և շահառուի միջև կնքվում է առնվազն 6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր: Առաջին 3 ամսվա ընթացքում իրականացում է աշխատանքային փորձառության կազմակերպում, որի շրջանակում գործատուին 3 ամիս ժամկետով տրվում է փոխհատուցում շահառուի աշխատավարձի վճարման համար ամսական 165,000 դրամ: Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն անցնելուց հետո վերջինիս տրամադրվում է աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով (ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով)` շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ շարունակական՝ 2024 թվականից,
Շահառուների թիվը՝ ավելի քան 2300 անձ,
Պետբյուջեից տրամադրված գումար՝ 2024 թ․՝ 895 մլն 293 հազար դրամ (փաստացի), 2025 թ․՝ 873 մլն 150 հազար դրամ։
✅ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄ)
Աջակցության չափը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3-ից 5 մլն դրամ՝ կախված տան կամ բնակարանի ձեռքբերման կամ կառուցման վայրից,
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2024-2029 թթ ․
Շահառուների թիվը՝ տրամադրվել է 2,180 հավաստագիր, իրացվել՝ 514 (31․07․2025թ․),
Պետբյուջեից տրամադրված գումար՝ շուրջ 800 մլն դրամ։