Երուսաղեմից Արցախ․ Պաղեստինի գանձերը փրկողներին անհանգստացնո՞ւմ է Գանձասարի ճակատագիրը

  • 13:25 02.08.2025

Անթույլատրելի է ոչ թե Պաղեստինի ժողովրդի մշակութային ժառանգությունը փրկելու Հայաստանի իշխանության ջանքը, այլ Արցախի հայկական մշակույթի համար ոչինչ չանելը. «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանն այսպես է մեկնաբանում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ՄԱԿ-ում կատարած հայտարարությունը. «Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանում»:

Ենթադրվում է, որ Պաղեստինի գանձերի փրկության համաետղ ծրագիրը ծագել է դեռ մայիսի վերջին, երբ Մատենադարան էր այցելել Պաղեստինի պետության արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանը: Պարզ չէ սակայն, այդ գանձերի մեջ կա՞ Երուսաղեմում հայերին պատկանող նմուշներ։

Լավ նախաձեռնություն է, ասում է «Արցախ» միության նախագահը, եթե Հայաստանի իշխանությունը դիտորդի դերում չլիներ Բաքվի վայրագությունների առջև. Արցախի հայկականությունը Բաքուն ջնջում է ամենօրյա ռեժիմով, դարավոր եկեղեցիներ ու սրբավայրեր են ոչնչացնում, պղծում, ջնջում հայկական ինքնությունը: Արցախի թանգարաններում մնացածա հազարավոր բացառիկ ցուցանմուշներ ադրբեջանացվում են:

Արտակ Բեգլարյանը վստահ է՝ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, որոնցից հրաժարվել է Հայաստանը. ինչո՞ւ, օրինակ, խաղաղության պայմանագրի տեքստում չի ներառվել այս հարցը, ինչո՞ւ է բանակցություններից դուրս հայտնվել հայկական ժառանգության փրկության հարցը:

Արցախի տարածքում ավելի քան 4 հազար հուշարձան են հաշվում, շուրջ 500 եկեղեցիներ ու բերդեր: 

Հատկանշական է, որ Հայաստանի փոխարտգործնախարարը իր ելույթում հիշել է նաև Երուսաղեմում Հայկական թաղամասի և Հայ Առաքելական եկեղեցու գույքի մասին, կապելով դա “երկու պետությունների” գաղափարի հետ։

“Մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանըՀայաստանը լիահույս է, որ Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն կպահպանվի և լիովին կհարգվի՝ որպես միջկրոնական համերաշխության և խաղաղ համակեցության անկյունաքար”, ասել Կոստանյանը ՄԱԿ-ում, չհիշատակելով “հայկական” բառը։

Սեպտեմբերին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իսպանիան, Պորտուգալիան և մի շարք այլ ազդեցիկ երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստին պետությունը։ Իսրայելը և Միացյալ Նահանգները կտրականապես դեմ են դրան։

Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե ինչ սահմաններում կճանաչվի Պաղեստինը, ինչպիսին կլինի Երուսաղեմի կարգավիճակը (այժմ Իսրայելն այն անվանում է իր մայրաքաղաք և անբաժանելի մաս)։ Եթե Երուսաղեմի կարգավիճակը որպես «աշխարհի կրոնների մայրաքաղաք» պահպանվի, ապա Հայկական թաղամասն ունի գոյատևման բոլոր հնարավորությունները։

Հակառակ դեպքում, Իսրայելը բաց չի թողնի Երուսաղեմում Հայկական եկեղեցու սեփականությունը խլելու հնարավորությունը։

Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին հարձակումները կապված են նաև Թուրքիայի, Իսրայելի և, հնարավոր է, այլ երկրների պահանջների հետ՝ Հայ Առաքելական Եկեղեցու՝ Հայաստանից դուրս գտնվող հսկայական սեփականության վերաբերյալ։ Այս սեփականությունը, ըստ ՀԱՍԵ Կանոնագրքի, միանձնյա տնօրինում է Կաթողիկոսը։

Կան նաև տեղեկություններ, որ Հայ Առաքելական Եկեղեցին կարող է դատական հայց ներկայացնել միջազգային դատարան՝ Արցախում իր սեփականության վերաբերյալ։  Չէ՞ որ բոլոր եկեղեցիները Արցախում՝ Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։