Արցախից տեղահանված մեր հայրենակիցները շարունակվում են բախվել խնդիրների, որոնց լուծման համար երկար ժամանակ է պահանջվում, իսկ երբեմն էլ առաջանում են խոչնդոտներ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված մարդիկ ունեն փաստաթղթերի խնդիր, քանի որ շատերը սեպտեմբերի 19-ին չեն հասցրել անգամ փաստաթղթեր վերցնել։ Բարեբախտաբար, տեղահանության ժամանակ հոջողվել է Արցախի Հանրապետական քաղաքացիական կացության ակտային գրանցման արխիվի մի մասը տեղափոխել Հայաստան:
Ժորա Հայրապետյանն իր հերթական մտահոգությունն է բարձրաձայնում․
– ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունը իրականացնում է Արցախում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերականգնում՝ հիմք ընդունելով <<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին>> ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը։ Վերականգնումները իրականցնում են համապատասխան ակտային գրանցման համար նախատեսված ձևանմուշով, որը չի պարունակում սյունակ՝ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի մասին:
Տվյալ ակտային գրանցման հիման վրա ձևավորված վկայականները կամ տեղեկանքները նույնպես չեն պարունակում տեղեկատվություն նախկին ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ:
Վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման վայրի և ժամանակի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համապատասխան ակտային գրանցման << Անհրաժեշտ այլ տեղեկություններ>> սյունակում:
Ըստ անհրաժեշտության՝ քաղաքացու դիմումի հիման վրա գործակալությունը տրամադրում է պարզաբանում պարունակող գրություն:
Տեղահանված արցախցիների խնդիրներից մեկն էլ վերականգնվող քաղաքացիական կացության ակտային գրանցման համար գանձվող պետական տուրքն է։ Հարկ է ընդգծել, որ << Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը նախատեսում է պետական տուրքի վճարումից ազատում ՔԿԱԳ մարմիններում քաղաքացիական կացության ակտային գրանցում իրականացնելիս, այդ գրանցումներում լրացումներ, ուղղումներ կատարելիս, վկայականի կրկնօրինակ տրամադրելիս կամ ակտային գրանցումը վերականգնելիս:
Բացի այդ հարկ է ընդգծել, որ Արցախում իրականացված թե՛ խորհրդային տարիներին, և թե՛ անկախության տարիներին քաղաքացիական կացության ակտային գրանցումներում քաղաքացիների ծննդավայրերը նշվում են ԼՂԻՄ՝ առանց Ադրբեջանի կամ ադրբեջանական ԽՍՀ գրառումների, ինչը իրավաչափ է։ Հիմք ընդունելով այդ ամենը՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմինը պետք է պահպանի նախկին գրառումները և վերականգնումն իրականացնի համապատասխան նախկին գրառումների։ Կարծում եմ՝ անհիմն և ոչ իրավաչափ է վերականգնված քաղաքացիական կացության ակտային գրանցումներում և դրանց հիման վրա տրամադրվող վկայականներում Ադրբեջան կամ ադրբեջանական ԽՍՀ նշելը, եթե նշված ակտային գրանցումը պահպանվել է ՔԿԱԳ արխիվում:
Ժորա Հայրապետյանը շեշտում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում տեղահանված արցախցիների անձնագրերում ծննդավայրը պետք է նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի
-Օրինակ բերեմ, որ Արցախից տեղահանված քաղաքացի Ի․ Բարսեղյանը վերականգնել է իր ծննդյան ակտային գրանցումը, որը նախկինում գրանցվել է 18.05.1977 թվականին Ստեփանակերտի ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1977 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտ:
Մեկ այլ դեպքում քաղաքացի Ս. Բարսեղյանի ծննդյան ակտային գրանցումը կատարվել է 02.07.1950 թվականին, Դահրավի Գ/Խ ՔԿԱԳ տարածքային բաժնում՝ ըստ 1950 թվականին կազմված ծննդյան ակտային գրանցման։ Ծննդավայրը նշված է ԼՂԻՄ, Ստեփանակերտի շրջան, Դահրավ գյուղ: Եվ այդպես շատ-շատերի ծննդյան վկայականներում նշված է ԼՂԻՄ։
Սակայն Արցախից բռնի տեղահանված որոշ խմբի անձանց, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը ՀՀ ՆԳՆ-ը նշում է Ադրբեջան, ինչը ևս անընդունելի է, քանի որ անձնագրում պետք է ծննդավայրը նշվի ըստ տվյալ անձի ծննդյան ակտային գրանցման կամ ըստ ծննդյան վկայականի:
Կան Արցախից բռնի տեղահանված անձինք, ովքեր տեղահանության ժամանակ իրենց հետ Հայաստան են բերել ԽՍՀՄ նմուշի ծննդյան վկայականները, որտեղ ծննդավայրը նշված է Ադրբեջանական ԽՍՀ։ Այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամանակ ՆԳՆ մարմնի կողմից ՀՀ քաղաքացու անձնագում ծննդավայրը նշվում է Ադրբեջան:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ