Լուսանկարիչ Արմինե Վանյանը հիմա շատ է թերթում արխիվային նկարները՝ Արցախին ավելի մոտ լինելու, հարզատ վայրերն ու մարդկանց նորից վերհիշելու համար։
Արմինեն լուսանկարչությամբ է զբաղվում 10 տարուց ավել։ Իր սարքի օբյեկտիվը հարյուրավոր հույզեր է անմահացրել, կերպարներ, վայրեր։
«Մի ընթացք կար, որ համագործակցում էի Արցախի կառավարության հետ, այդ ժամանակ իրապես ճանաչեցի Արցախը, շրջելու մեծ հնարավորություն ունեի»,- պատմում է նա։
Արմինեի սիրելի ոճերից մեկը դիմանկարներն են՝ մարդիկ՝ հույզերի ու գեղեցկության համադրությամբ։
Թերթելով նկարները հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է հետեւում իր հերոսների կյանքի զարգացմանը։ Լուսանկարիչը ժամանակի հետ երկխոսության մեջ է. յուրաքանչյուր նկարը մի անմահացած վայրկյան է, որը խոսում է՝ առանց բառերի։
Արմինեի համար լուսանկարչությունը պարզապես արվեստ չէ՝ հիշողություն է, ինքնություն ու շունչ, որ ապրում է Արցախի լեռներում, մարդկանց դեմքերում ու չմարող կարոտի խորքում։
Մարիամ Սարգսյան