Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հրադադար չհաստատվի մինչև օգոստոսի 8-ը, երբ լրանա տասնօրյա վերջնագիրը։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պատժամիջոցներ կլինեն, բայց, կարծես, նրանք բավականին հաջողությամբ են խուսափում դրանցից։ Գիտեք, նրանք խորամանկ են, և նրանք բավականին հաջողությամբ են խուսափել դրանցից, այնպես որ կտեսնենք, թե ինչ կլինի», – ասաց հանրապետականը։
Այն բանից հետո, երբ Թրամփը Ռուսաստանին վերջնաժամկետ նշանակեց օգոստոսի 8-ին և սպառնաց «ծանր միջոցներով», վերլուծաբանները սկսեցին կռահել, թե ինչ է անելու Թրամփը։ Ակնհայտ է, որ հարցը պատժամիջոցների մասին չէ, որոնք, ինչպես Թրամփն է ասում, վաղուց անիմաստ են։
Վերլուծաբանները սկսել են ավելի ու ավելի հաճախ ակնարկել, որ Թրամփը կարող է կիրառել Ռուսաստանի դեմ ճշգրիտ՝ “անձնավորված” հարվածային ռազմավարությունը, որը ԱՄՆ-ն և Իսրայելը վերջերս փորձարկել էին Իրանում: Ճիշտ է, այաթոլլահ Խամենեին ողջ մնաց, բայց ռազմական ղեկավարությունը, ՀՕՊ-ը և որոշ միջուկային օբյեկտներ ոչնչացվեցին։
Ռուսաստանը դա տեսավ և շատ լավ է հասկացել Թրամփի նոր ռազմավարությունը, այդ իսկ պատճառով Մեդվեդևը հանկարծ հիշեց «մահվան ձեռքի» մասին։
«Մահվան ձեռքը» կամ «մեռած ձեռքը» համակարգ է, որը նախատեսված է ապահովել մարտական հրամանների փոխանցումը բարձրագույն հրամանատարական մակարդակներից դեպի ռազմավարական հրթիռների արձակողներին արտակարգ իրավիճակի դեպքում, երբ կապի գծերը վնասվեն։
Այլ կերպ ասած, Մեդվեդևը զգուշացրել է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն որոշի վերացնել Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, զանգվածային միջուկային հարված կհասցնի «մեռած ձեռքը», «աշխարհը կվերածվի մոխրի, իսկ մենք կգնանք դրախտ», ինչպես ասել է Պուտինը։
Իբր, Մեդվեդևի «մահվան ձեռքի» մասին սպառնալիքներին ի պատասխան, Թրամփն ասել է, որ երկու ամերիկյան միջուկային սուզանավերը «արդեն ավելի մոտ են Ռուսաստանին»։