Բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում

  • 11:17 04.08.2025

Արցախի բլոկադայի օրերին ռուս զինվորները Ամարասում “պաշտպանություն” էին իրականացնում, որպեսզի հավատացյալներն անվտանգ աղոթեն այնտեղ: Իրենց լուսանկարչի հրահանգով զինվորները սմիռնա կանգնում էին եկեղեցու դռան աջ ու ձախ կողմում, գլխաշորով կանանց ստիպում խաչակնքել եւ ներս մտնել` “լավ կադր” ստանալու համար:  Մեկ այլ զինվորները քնում էին զրահամեքենայի վրա, որ կայանած էր եկեղեցու պատի հովին. солдат спит, служба идет!

Ինչպես հայտնի է, այդ օրերին Ամարասը հայկական կողմում էր եւ առանց նրանց էլ հանգիստ կարելի էր Ամարաս գնալ, ինչպես այս օրը (լուսանկարներում): “Ինչ են թատրոն տալիս է, գնան ուր վտանգավոր է` այնտեղ կանգնեն”, հեգնում էր Ամարասը հսկող մի սոսեցի (կամ մաշկալաշենցի, չեմ հիշում հստակ):

Հայտնի դարձավ Ամարասի տարածքում հրդեհների եւ արցախցիների ահազանգի մասին: Ստեփանակերտից գրեթե live տեսանյութեր են տարածում ադրբեջանցիները: Որ շենք պետք է` քանդում են, որը պետք է` ներկում, որ տուն ցանկանում մտնում են, բայց չգիտենք, թե ինչ է կատարվում հարյուրավոր գյուղերում, ինչ է կատարվում Ամարասի հետ:

“Ցավալի է տեսնել, թե ինչպես է իմ տունը, իրերը, հիշուղությունները վերացնում էքսկավատորը: Սիրտս պայթում է, մենք մեր հարսանիքից ընդամենը հինգ օր հետո ենք տեղափոխվել այս տուն: Շատ-շատ տխուր է…”, AP լրագրողին պատմում է մի հրեա կին, երբ տեխնիկան քանդում է իրանական հրթիռներից վնասված նրա տունը: Պարզ է, որ Իսրայելը նույն շաբաթ ավելի լավ տուն է կառուցելու նրանց համար: Բայց պատկերացրեք արցախցիների հոգեվիճակը, երբ համացանցում նայում են, թե ինչպես են ադրբեջանական էքսկավատորները քանդում նրանց տները, եւ ոչ ոք չի պատրաստվում նրանց համար նոր տուն կառուցել ոչ Արցախում, ոչ էլ նմացած Հայաստանում:

Սա իմ վերջին այսցն էր Ամարաս: Երեխաները զվարճանում էին համալիրի պարիսպերին քայլելով, կանայք ժենգալով հացի կանաչիների էին հավաքում ադրբեջանցի զինվորների դիտարկման տակ գտնվող դաշտերում (այդ օրը ռուսները որոշել էին, որ վտանգ չկա եւ չէին եկել), եկեղեցու բակում փոշում կորած հայ եւ իրանցի վարպետները վերանորոգման աշխատանքներ էին կատարում: Կանաչ, հանգիստ օր էր:
Մարութ Վանյան