Հայրենի Թաղասեռի մասին կարոտով է խոսում Անահիտը, հիշում գյուղի ամեն մի անկյունը, որտեղ անցել է մանկությունն ու պատանեկությունը։ Աչքերն անմիջապես արցունքոտվում են հուզմունքից․ ախր մի իսկական դրախտավայր էր Թաղասեռը։
44-օրյա պատերազմից հետո տեղահանվել են գյուղից, բնակություն հաստատել Ստեփանակերտում, 2023-ի սեպտեմբերի վերջին գաղթել Հայաստան, ապա արտագաղթել Ռուսաստանի Դաշնություն։
-2020-ին 19 տարեկան էի։ Երբ կորցրինք մեր գյուղը, առաջին անգամ զգացի, թե որքան թանկ է այն։ Մինչ այդ չէի հասկանում․ հավանաբար չէի պատկերացնում, որ երբևէ մարդ կարող է կորցնել իր ծննդավայրը։ Այն ժամանակ, սակայն, մենք որոշեցինք չլքել Արցախը, մնացինք Ստեփանակերտում՝ հույս ունենալով, որ կվերադառնանք մեր տները։ 2021-ին ընտանիք կազմեցի, ծնվեց որդիս։ Ապրում էինք ինչպես բոլոր արցախցիները՝ հաղթահարելով շրջափակման ծանր օրերը։ Սակայն 2023-ի սեպտեմբերը կրկին մեզ անտուն ու անօթևան թողեց։ Հայաստանում չկարողացանք մնալ, որովհետև բնակարանների վարձավճարները բարձր էին, իսկ նորմալ աշխատանք գտնել այդպես էլ չհաջողվեց ամուսնուս։ Ինչպես շատերը՝ մենք ևս արտագաղթեցինք Հայաստանից, թեև շատ էինք ուզում մնալ Մայր Հայաստանում։
Մերձմոսկովյան փոքրիկ ու հանգիստ մի փոքրիկ բնակավայրում ենք ապրում։ Երկու սենյականոց բնակարան ենք վարձակալել, որտեղ ապրում ենք 5 հոգով։ Ամուսինս ու հայրը աշխատում են։ Իհարկե, մի շարք դժվարությունների ենք հանդիպել, սակայն փորձում ենք հաղթահարել դրանք ու ամեն ինչ զրոյից սկսել։ Երկու անգամ տեղահանվելուց հետո պարտավոր ենք ուժ հավաքել, որովհետև այլ կերպ չենք կարող։ Պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք ցույց տալ, որ արցախցին ուժեղ է, ինչքան էլ նրա հոգին դառնացած լինի,-ասում է Անահիտը։
Հադրութի յուրահատուկ բարբառը օտար հողում բոլորովին այլ կերպ է հնչում՝ հարազատ, ցանկալի ու այնքա՜ն զուլալ։ Փոքրիկ Նարեկը ևս այդ բարբառով է ասում իր առաջին բառերը։ Նրա թոթովախոս լեզվով ասված ամեն մի բառն ասես մի ողջ աշխարհ լիներ։ Ես, որ մայրական կողմից Հադրութից եմ, կլանված լսում էի նրանց խոսակցությունը, երբեմն ինքս փորձում այդ բարբառով խոսել, որից իմ մեջ անմիջապես մանկությանս քաղցր հիշողություններն են արթնանում․ զգում եմ սև թթի, մեղրածոր մրգերի, տատիկիս ձեռքերով պատրաստած չիր ու չամիչի քաղցրահամը։ Հադրութցի երիտասարդ ընտանիքի հետ զրույցն ինձ տանում է դեպի երանելի մանկություն, որտեղ պապիկս ու տատիկս էին՝ գրկաբաց, աղոթող շուրթերով։
-Հադրութա մինակ մեր բարբառն ա մըզ մնացալ, վախումում, վեր մին օր սա էլ կուրցնինք։ Տրա հետի մունք միշտ պիտի մեր բարբառավ խոսինք մեր խոխոնցը նհետ, հանցու մոռանանվեչ։ Հինչքան կրեսընք, մունք պիտի մեր բարբառը պահինք։ Ես ուզիսչում որիշ լյուզվավ խոսիմ,- կարոտից լացակումում է Անահիտն ու այդ հաճելի զգացողությունը փոխանցում ինձ։
Կարինե Բախշիյան