Step1.am-ի հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
-Պարոն Պապյան, «Նախիջեւանի սահմանադրությունից հանվել է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին հղումը: Նախիջեւանի սահմանադրության նախաբանում նշվում էր, որ «ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի միջազգային պայմանագրով եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են»։ Այսպիսով ի՞նչ իրավական հիմք է մնում, որ Նախիջեւանը մնա Ադրբեջանի ենթակայության տակ։
-Ոչ մի իրավական հիմք չկա։ Այն ժամանակ էլ իրավական հիմք չկար, որովհետեւ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն անօրինական փաստաթղթեր են ի սկզբանե։ Եվ Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ եթե փաստաթուղթը կնքման պահին ոտնահարել է միջազգային իրավունքի հիմնադրույթները, ապա ինքը կնքման պահից անօրինական է։ Մյուս հարցն այն է, որ Մոսկվայի պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել Կարսի պայմանագրի համար, փոխարինվել է 1925 թվականի դեկտեմբերի սովետաթուրքական պայմանագրով, որն էլ չեղյալ է հայտարարվել 1945-ին։ Եվ երրորդ, Նախիջեւանը երբեք էլ Ադրբեջանի մաս չի եղել, անգամ Մոսկվայի պայմանագրով, այն եղել է պրոտեկտորատ Ադրբեջանի ենթակայության տակ։ Դա լրիվ այլ բան է։
Եվ երբ ինքնավարություն հայտարարվեց, անգամ Թուրքիան 1924 թվականին պաշտոնապես բողոքեց, որ սա ոտնահարում է Մոսկվայի պայմանագիրը։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ ոչ մի իրավական հիմք չկա, որ Նախիջեւանը գտնվի Ադրբեջանի ենթակայության տակ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է բարձրացնի Նախիջեւանի հարցը, որովհետեւ այդ անօրինական գործընթացն էր, որ այսօր հիմք հանդիսացավ մեկ այլ անօրինական գործընթացի համար, այն է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացները։ Դրա հիմնավորումն այն է, որ իբր Ադրբեջանիր երկու մասերն իրար հետ պետք է ցամաքային կապ ունենան։
-Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի Նախիջեւանի հարցի շուրջ, ի՞նչ եք նկատում, հնարավո՞ր է վերադարձ դեպի Իրանի ենթակայություն։
-Ոչ, դա չի կարող լինել, որովհետեւ 1928 Թուրքմենչայի պայմանագրով Իրանը հրաժարվել է Նախիջեւանից՝ հօգուտ Ռուսաստանի։ Բացի այդ, Նախիջեւանը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության մաս, որովհետեւ Նախիեջեւանը եղել է Երեւանի նահանգի մաս։ Իսկ Երեւանի նահանգի պատկանելությունը Հայաստանին երբեք չի էլ վիճարկվել, քանի դեռ բոլշեւիկները չեկան ու չսկսեցին զոհաբերել հայերի շահերը։ Իրանն այստեղ չունի իրավական հիմք, բայց Իրանը կարող է շահագրգռված լինի, որ Նախիջեւանը հայերի վերահսկողության տակ լինի, քան Ադրբեջանի։
Եթե Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները լավանան, այսինքն՝ Իրան-Հայաստան-Վրաստան այդ միջանցքը գործի, ապա Նախիջեւանի հարցը դառնում է շատ կարեւոր, որովհետեւ Նախիջեւանի վրայով կա երկաթուղի, չգործող, բայց գոյություն ունեցող։ Չաբահար նավահանգստից մինչեւ Փոթի կոնտեյներները կարող են գնացքով գնալ։ Հետեւաբար, այդտեղ Իրանի շահագրգռությունը շատ մեծ է։ Ես կարծում եմ՝ այստեղ ոչ միայն Իրանն է շահագրգռված, այլ նաեւ Արեւմուտքը, բայց դա իրական կլինի, եթե Իրանի ու Արեւմուտքի հարաբերություններն իսկապես բարելավվեն։
Ընդհանրապես, Հայաստանը հիմա էլ պետք է նախաձեռնությամբ հանդես գա։ Ես նախկինում էլ եմ ասել՝ երբ ԱՄՆ-ն ցանկանում էր վարձակալել այդ տարածքը, մերոնք պետք է փոխադարձության սկզբունքը դնեին եւ ասեին՝ դա պետք է վերաբերի նաեւ Նախիջեւանի հատվածով անցնող ճանապարհներին ու երկաթուղուն։ Գոնե այդ հատվածը պիտի բացվի մեզ համար եւս։
Ռոզա Հովհաննիսյան