Ի՞նչ կարող է առաջարկել ԱՄՆ-ն․ Հայաստանը չպետք է խոսի իր իրավունքներից

  • 12:04 05.08.2025

Տեղեկությունը, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Թրամփի հետ կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում այս ուրբաթ, դեռևս պաշտոնապես չի հաստատվել, չնայած չի էլ հերքվել։ Ավելին, եթե սկզբում ներքին տեղեկությունները խոսում էին խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին, ապա հետո նշվեց, որ կարող է ինչ-որ հայտարարություն լինել։

«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու կամ նույնիսկ նախաստորագրելու հավանականությունը գործնականում զրոյի է հավասար, քանի որ այս համաձայնագիրը չի լուծի հայ-թուրքական սահմանի և Նախիջևանի կարգավիճակի հիմնարար հարցերը, որոնք ներկայումս որոշվում են Կարսի ռուս-թուրքական անօրինական պայմանագրով։

Նույնիսկ Մեղրիի ճանապարհի հարցը, որը ոմանք ցանկանում են նվիրել Բաքվին, կապված է Կարսի պայմանագրի հետ. Ադրբեջանը պահանջում է անարգել «միջանցք» դեպի Նախիջևան, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչի հիման վրա է Բաքուն Նախիջևանը համարում իր «էքսկլավը»։ Բաքուն միայն հիմա է փորձում փոփոխել Նախիջևանի Սահմանադրությունը և «անջատել» այն Կարսի պայմանագրից, բայց ի՞նչ է դա փոխում Նախիջևանի կարգավիճակի մեջ։

Հայաստանի կառավարությունը չի հերքել Փաշինյանի Վաշինգտոն այցի հնարավորությունը, բայց ի՞նչ է Փաշինյանը տանելու ԱՄՆ ի պատասխան Թրամփի “առաջարկին”։

Այս պահին կան երկու անօրինական փաստաթղթեր, որոնք որոշում են իրավիճակը գետնի վրա՝ Կարսի պայմանագիրը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Եվ կան երկու օրինական փաստաթղթեր, որոնք չեն արտացոլվում «տեղում», բայց շարունակում են մնալ հիմնարար հիմք՝ դրանք են Վիլսոնի Արբիտրաժը և Հայաստանի Անկախության հռչակագիրը։

Հռչակագրի նախաբանում ուրվագծվում են պետության հռչակման հիմքերը. “Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը…”.

Հայաստանը փաստորեն հռչակվել է Առաջին Հանրապետության «ավանդույթների» և 1989 թվականի որոշման հիման վրա։ Այս երկու հիմնաքարերն էլ խախտվել են Կարսի պայմանագրով և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Հայաստանի անկախության հռչակագրին հակասող ցանկացած «խաղաղության համաձայնագիր» ուղղված է Հայաստանի Հանրապետության վերացմանը։

Ի՞նչ սկզբունք է Թրամփը մտադիր դնել համաշխարհային հակամարտությունների լուծման գործում, և ինչի՞ վրա է կառուցվելու նոր աշխարհակարգը։

Այն փաստը, որ Թրամփը, իր երկրորդ «գալուստից» հետո, նախևառաջ փակեց Վիլսոնի ինստիտուտը, ցույց է տալիս, որ նրան դուր չի գալիս նախագահ Վիլսոնի «գյուտը»։ Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, որի արդյունքում 6 կայսրություններ կործանվեցին, ԱՄՆ նախագահ Վիլսոնը առաջարկեց ազգային ինքնորոշման և ինքնիշխան պետությունների գաղափարը։ Ահա թե ինչպես են ձևավորվել ներկայիս պետությունները։ Հիմա Թրամփը հետ է պտտում գործընթացը․ պետություններ չեն լինի, բայց հին կայսրություններին կարող են փոխարինել նորերը։

Այս գլոբալ գործընթացի համատեքստում կայսրությունները կարող են Հայաստանին առաջարկել միայն ինքնալուծարում, ինչպես երկու տարի առաջ առաջարկեցին Արցախին՝ ոտնահարելով մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման և հայրենիքի իրավունքը։

Հայաստանի քաղաքական շրջանակներում այժմ քննարկում են Վաշինգտոնում հնարավոր հանդիպումը, և կարելի է նշել, որ գործնականում «հույս» չկա ինքնիշխանությունը պահպանելու համար, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի, Ուկրաինայի և այլոց համար։ Կա միայն այն հարցը, թե որ կայսրությունը «կստանա» տարածաշրջանի դեռևս ինքնիշխան երկրների տարածքները։

Ռուսամետ ուժերը նշում են, որ ավելի լավ է, եթե դա լինի Ռուսաստանը, քանի որ «գոնե Ռուսաստանում հայերը զանգվածաբար չեն կոտորվել»։ Պատմաբանները, իհարկե, կբերեն կոտորածների բազմաթիվ օրինակներ, բայց այս փաստարկը գործում է։ Արևմտամետ ուժերը ուրախ են ամերիկյան միջամտությունից՝ նշելով, որ վերջապես կկարողանան անջատվել Ռուսական կայսրությունից, բայց չեն նշում, թե ում կնշանակեն ամերիկացիները տարածաշրջանում որպես «նայողներ»։

Այս ֆոնին կարելի է ենթադրել, որ Փաշինյանի և Ալիևի հավանական այցը Վաշինգտոն կապված է Թրամփի՝ Հայաստանում պարադիգմայի փոփոխությունը կանխելու մտադրության հետ։ Հայաստանը չպետք է խոսի իր լեգիտիմ իրավունքներից, քանի “հոպարները” չեն գծել նոր սահմանները։