«Դիզակի գույները». 4-րդ վերջին սիմպոզիումը Արցախում և 5-ամյակը Հայաստանում

  • 20:21 05.08.2025

Երկարատև ընդմիջումից հետո «Դիզակ ART» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարեց իր նախագծերից մեկի շարունակության մասին՝ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի «Դիզակի գույները» միջազգային նկարչական սիմպոզիումը։

Սիմպոզիումն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին Արցախում՝ Հադրութի շրջանային վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ուշադրություն գրավել և ճանաչելի դարձնել Դիզակի հարուստ բնությունը, նրա պատմական հուշարձանները և դարեր շարունակ այստեղ ապրած մարդկանց։ Հաջողված նախագիծը դարձել է ամենամյա և ձեռք է բերել միջազգային կարգավիճակ։ Յուրաքանչյուր սիմպոզիումին հաջորդող ցուցահանդեսները դարձել են ամենաշատ այցելվողները։

Կորոնավիրուսի և 2020 թվականի պատերազմի պատճառով 4-րդ սիմպոզիումի անցկացումը անհնար է դարձել։

Հադրութի շրջանի օկուպացիայից և բնակչության բռնի տեղահանությունից հետո՝ 2020 թվականին, Հադրութի վարչակազմի աշխատակիցների կողմից Երևանում ստեղծվեց Դիզակի ART կենտրոնը։ 2021 թվականին կազմակերպության անդամները որոշում կայացրին. չնայած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և այն փաստին, որ Հադրութի շրջանը գտնվում էր Ադրբեջանի օկուպացիայի տակ, նրանք պարզապես պարտավոր էին կազմակերպել չորրորդ սիմպոզիումը Արցախում։ 2021 թվականի ամռանը տեղի ունեցավ «Դիզակի գույները» 4-րդ միջազգային նկարչական սիմպոզիումը։ Ստեփանակերտի արվեստի պատկերասրահում կայացած եզրափակիչ ցուցահանդեսում ներկայացվեցին 18 նկարիչների ավելի քան 70 աշխատանքներ։

5-րդ սիմպոզիումը անհնար դարձավ շրջափակման, ապա նաև Արցախի բռնի տեղահանության պատճառով։ Ֆինանսական դժվարություններ էլ առաջացան 2023 թվականից հետո։

«Այս տարի հովանավորները արձագանքեցին, և հոբելյանական՝ 5-րդ միջազգային նկարչական սիմպոզիումի իրականացումը դարձավ հնարավոր։ Սիմպոզիումի մասնակիցներ կլինեն 20 նկարիչներ՝ Արցախից, Հայաստանից և արտերկրից։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 22-ից 28-ը Գեղարքունիքի մարզում՝ Դպարաբակ համայնքում։ Միջոցառման վայրը պատահական չէր ընտրված։ Այստեղի բնությունը նման է Հադրութին։ Երբ ես դուրս եկա մեքենայից, նույնիսկ օդը ինձ նույնը թվաց, ինչ Հադրութում։ Սիմպոզիումի օրերից մեկի համար մենք էքսկուրսիաներ ենք նախատեսել։ Բոլորի համար վարպետության դասեր կլինեն։ Ավարտված աշխատանքները կներկայացվեն ցուցահանդեսում», – կիսվել է «Դիզակ ART»-ի համահիմնադիր Երազիկ Ավանեսյանը։

5-րդ սիմպոզիումին մասնակցելու հայտը հրապարակված է «Դիզակի գույները» ֆեյսբուքյան էջում։

Առաջին երեք սիմպոզիումների գրեթե բոլոր աշխատանքները կորցված են. դրանք մնացել են Հադրութում՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ բնակչության հանկարծակի տարհանումից հետո։ 4-րդ սիմպոզիումի աշխատանքները գտնվում են «Դիզակ ART» կազմակերպության ֆոնդում։

Step1.am-ը ներկայացնում է լուսանկարներ «Դիզակի գույները» 4-րդ միջազգային նկարչական սիմպոզիումից, որը տեղի է ունեցել 2021 թվականին Արցախում: Նկարիչները արարում են բաց երկնքի տակ՝ Արցախի Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղում:

Ալվարդ Գրիգորյան