DW
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, CNBC-ի եթերում հայտարարել է, որ եթե նավթի գները մեկ բարելի դիմաց ևս 10 դոլարով իջնեն, Վլադիմիր Պուտինը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում և «մարդկանց սպանելը»։
Ըստ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահը «այլընտրանք չի ունենա, քանի որ իր երկրի տնտեսությունը ծանր վիճակում է»։ Այս առումով Սպիտակ տան ղեկավարը նաև կրկնել է իր մտադրությունը՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ երկրի կողմից ռուսական նավթի շարունակական գնումների պատճառով։
«Նրանք ունեն բոլորից ամենաբարձր մաքսատուրքը։ <…> Մենք համաձայնության եկանք 25%-ի շուրջ, բայց կարծում եմ՝ ես այն զգալիորեն կբարձրացնեմ առաջիկա 24 ժամվա ընթացքում, քանի որ նրանք գնում են ռուսական նավթ, նրանք վառելիք են մատակարարում ռազմական մեքենային։ Եվ եթե նրանք շարունակելու են դա անել, ես ուրախ չեմ լինի», – հավելել է Թրամփը։
Շաբաթվա սկզբից ի վեր Brent նավթի գինը մեկ բարելի դիմաց 71-72 դոլարից իջել է մինչև 68 դոլարից ցածր։