«Տեսանք, թե ովքեր ինչ արեցին արցախցիների համար, ովքեր խանգարեցին, ովքեր օգնեցին»

  • 21:02 05.08.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է իր աշխատանքները։ Առաջիկայում վերսկսելու են մարզային այցելությունները։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։

«Առաջիկայում այց ենք իրականացնելու Գորիս, այնտեղ էլ ենք ստեղծելու օջախներ, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել արցախցիներին ու նրանց խնդիրները վերհանել։ Ամեն մարզում տարբեր խնդիրներ ունեն արցախցիները։ Խորհուրդը զուգահեռ զբաղված է խորհրդի վերակազմավորման հարցով։ Կլինեն մարդիկ, ովքեր կհեռանան խորհրդից եւ կլինեն անդամներ, որոնք կմիանան խորհրդին։ Ամենակարեւոր խնդիրն այն է, որ մենք Արցախի հարցը չենք փակելու եւ հանուն Արցախի կրկին օրակարգ ենք բերելու մեր 12 կետերը եւ շարունակելու ենք աշխատանքներն այդ օրակարգի շուրջ»,- ասաց նա։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ քայլերը դանդաղ են տեղի ունենում, բայց ավելի հստակ են։ Հուլիսի 12-ի ցույցից հետո տարբեր իրավիճակներ եղան, որը նաեւ փորձություն էր խորհրդի համար։ «Տեսանք, թե ովքեր ինչ արեցին արցախցիների համար, ովքեր խանգարեցին, ովքեր օգնեցին։ Եվ այս ժամանակը մեզ պետք էր՝ մարսելու տեղի ունեցածը եւ վերակազմավորումով նոր փուլ սկսելու համար։ Մեր հիմնական շեշտը դնում ենք մարզերի այցելությունների վրա, դրա շնորհիվ կկարողանանք հասկանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել եւ ինչ խնդիրներ չեն լուծվել»,- հավելեց նա։

Սայիդա Պողոսյանն ասաց, որ կառավարությունն արցախցիներին տված բոլոր խոստումները չի կատարում, այն է՝ լրացուցիչ վարկերի տրամադրման հարցը, թոշակառուների թոշակների ավտոմատ վերականգնումը, ոչ թե դատարանի ու քաշքշուկների միջոցով։ Այս խոստումները դեռ չեն կատարվել կառավարության կողմից։ «Եվ քանի որ իրենց խոստացած լայնածավալ փոփոխությունները չկան, մենք իրենց հանգիստ չենք թողնելու»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Հետագայում հանրահավաքներ կանեն, թե ոչ, Սայիդա Պողոսյանն ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել։ «Մեր մարզային այցելությունների նպատակն այն է, որ հասկանանք, թե արցախցիներն ինչ խնդիրներ ունեն եւ ինչպես են տեսնում լուծման ճանապարհները, որովհետեւ մենք միայնակ չենք կարող այդ լուծումները տալ։ Մենք հանրային նախաձեռնություն ենք, որն ի շահ արցախցիների է գործում։ Եվ այստեղ շատ կարեւոր է, որ համախմբում լինի հենց արցախցիների շրջանում, քանի որ իրենք էլ են հուսահատված։ Այսինքն՝ մենք մեր ուժերի սահմաններում պետք է ստեղծենք պայմաններ, որ իրենք մնան այստեղ, զգան, որ մենակ չեն»,- նշեց Սայիդա Պողոսյանը։

Նա հավելեց՝ շարունակելու են այն աշխատանքը, որն սկսել էին Ազատության հրապարակում տեղադրված վրանում՝ տարբեր ՀԿ-ների, անհատների հետ շարունակելու են աշխատանքը՝ փուլ առ փուլ հասնելու իրենց ներկայացրած 12 կետերի բարձրաձայնմանն ու խնդիրների լուծմանը։ «Գիտենք՝ այնտեղ հարցեր կան, որոնք այս պահին Հայաստանի Հանրապետությունը չի կարող լուծել, բայց դրանք անհնարին չենք համարում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ համագործակցությանը՝ Սայիդա Պողոսյանն ասաց․ «Իրենք իրենց աջակցությունը մեզ ցուցաբերել են եւ եթե շարունակեն նույն օրակարգում մնալ, եթե իրենց նպատակն էլ է Արցախի հարցի բարձրաձայնումը եւ արցախցիների իրավունքների պաշտպանությունը, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել եւ պայքարը շարունակել»։

Ռոզա Հովհաննիսյան