Արդեն 16 տարի է, ինչ սայլակը Արփինեի մշտական ուղեկիցն ու գործնական օգնականն է։
Նա ընդամենը 15 տարեկան էր, երբ սովորական մի օր արթնացավ՝ դպրոց գնալու մտադրությամբ, սակայն հասկացավ, որ ոտքերը թմրած են։ Այդ «թմրածությունը» մինչ օրս չի անցել։
Դեռահաս աղջկա համար հեշտ չէր հարմարվել նոր իրականությանը։ Սակայն մոր աջակցությամբ Արփինեն կարողացավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և վերագտնել իր ինքնությունը՝ նոր կարգավիճակում։
Արփինեն Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից է։ «Դպրոցն ավարտելուց հետո չգիտեի՝ ինչ անել։ Մայրս հորդորեց մասնակցել միասնական քննություններին։ Թեև գիտեի, որ հեշտ չի լինելու համալսարան հաճախել իմ պայմաններում, դիմեցի։ Ընդունվեցի և չորս տարի ուսում ստացա առկա համակարգում», — հիշում է Արփինեն։
Նա նշում է, որ այն տարիներին Ստեփանակերտը դեռ հարմարեցված չէր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, բայց տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ զգացվում էին։
Ուսումն ավարտելուց հետո Արփինեն աշխատանքի անցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ճկուն մտքի շնորհիվ հասավ հաջողությունների, մասնակցեց գեղեցկության մրցույթի և, ամենակարևորը, հասկացավ, որ շատ դժվարություններ մեր մտքում են ձևավորվում։
«Հիշում եմ հարազատներիցս մեկի խոսքը՝ «հաշմանդամությունը մտքից է գալիս»։ Այդ պահից հասկացա՝ պետք է ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, սիրենք ու հարգենք ինքներս մեզ», — ասում է Արփինեն։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին շատ մարդկանց է օգնել ընդունել իրենց նոր կարգավիճակը։ «Կատակում եմ՝ ես արդեն ստաժավոր եմ, բայց հիմա ավելի շատ եմ հանդիպում մարդկանց, ովքեր իմ խորհրդի կարիքն ունեն։ Պետք է հասկանանք, որ սայլակը կարող է դառնալ մարմնի մի կարևոր մաս», — ժպտում է նա։
2020 թվականի պատերազմը բեկումնային էր Արփինեի համար։ «Եղբայրս հորդորում էր շուտ հեռանալ գյուղից։ Չէի ուզում։ Երկար մնացինք, բայց հետո մտածեցի, որ եթե թուրքերը գան, ես կարող եմ լինել ընտանիքիս կորստի պատճառը։ Հավաքեցի միայն ամենաանհրաժեշտը, և առաջինը՝ համակարգիչս։ Այն պետք է ինձ օգներ գոյատևել», — պատմում է նա։
Պատերազմից հետո, ինչպես ասում է՝ վիրավորված էր Արցախից, որովհետեւ հողի համար տասնամյակներ շարունակ կյանքեր էին զոհաբերվում եւ 2020 թ․ պարտությունից հետո չէր ընկալում՝ ինչպե՞ս կարելի էր այդպես վարվել մեզ պատգամած հաղթանակի հետ։
Արփինեն բլոկադային հետեւում էր Երեւանից։ «Ամաչում էի սնվել, հասկանալով՝ ինչ վիճակ է Արցախում։ Մասնակցում էինք ցույցերի՝ հավատով, որ մի բան կփոխվի», — ասում է նա։
Պատերազմների ու պայթյունների արդյունքում շատերը ձեռք բերեցին հաշմանդամություն, իսկ Արփինեն վառ օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել նոր իրականությունն ու վերածել այն կյանքի շարունակության, ոչ թե դադարի։
Հայաստանում արդեն գործում է «Անձնական օգնական» ծառայությունը։ Այն պետական կամ համայնքային աջակցությամբ տրամադրվող անձ է, որը օգնում է հաշմանդամություն ունեցող մարդուն՝ իր ամենօրյա գործունեության ընթացքում։
Ծառայությունը նախատեսված է հիմնականում այն անձանց համար, ովքեր առանց ուղեկցողի չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել, կենցաղ վարել կամ մասնակցել հանրային կյանքին։ Օգնականի գործառույթները ներառում են՝
տեղաշարժման աջակցություն,
գնումներ կատարելու օգնություն,
փաստաթղթային հարցերում աջակցություն,
ուղեկցում բժշկական կամ սոցիալական հաստատություններ,
օժանդակություն կրթական կամ աշխատանքային վայրում։
Ծառայությունից կարող են օգտվել հատկապես առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և երեխաները՝ հաշմանդամությամբ։ Արփինեն վստահ է՝ նման քայլերը կարող են զգալիորեն բարելավել հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը։ Սակայն նրա կարծիքով՝ Երևանում դեռ դժվար է հատկապես տրանսպորտից օգտվելը։
«Առաջին անգամ Եվրոպայում հասկացա, որ մետրոն հասանելի կարող է լինել նաեւ հաշմանադամություն ունեցողներին եւ վերելակով՝ առանց որեւէ մեկի օգնությամբ կարելի է մետրոյից օգտվել»,-ասում է նա եւ հույս հայտնում, որ այսպիսի բարեփոխումները մի օր էլ Հայստանում հասու կլինեն։
Արփինեի պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ սայլակի վրա կարելի է առաջ շարժվել՝ ուժեղ կամքով, հավատով և արժանապատվությամբ։ Հաշմանդամությունը երբեմն ֆիզիկական անկարողություն է, բայց դրա հաղթահարումով հնարավոր է վերագտնել կյանքի լիարժեք արժեքը։
Մարիամ Սարգսյան