«Գրանցված է ավելի քան 10 հազար արցախցի երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, հագուստի կարիք»

  • 15:16 06.08.2025

Ստեփանակերտի թ․ 10 դպրոց, արխիվ

Նոր ուսումնական տարվա նախաշեմին արցախցի շատ ընտանիքներ հայտնվել են դժվարությունների առաջ եւ սոցիալական խնդիրների պատճառով չեն կարողանում լուծել երեխաների հագուստի ու գրենական պիտույքների հարցը։ Մի խումբ արցախցիներ բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ հայտարարելով համահայկական դրամահավաք։

«Եթե նախորդ տարի արցախցիները գոնե աջակցություն էին ստանում, այս տարի ավելի բարդ է, մեզ մոտ ունենք գրանցված ավելի քան 10 հազար երեխա, որոնք ունեն գրենական պիտույքների, պայուսակի ու հագուստի կարիք։ Մենք մեծ ցավով տարածել ենք հայտարարություն, որտեղ նշվում է, որ ծնողները խնդրում են իրենց երեխաներին նվիրել թեկուզ հագած, բայց լավ պահված հագուստ։ Իրենց համար շատ դժվար է օգնություն խնդրել, բայց ծնողը զանգում է, կամ ամուսինն է զոհված, կամ կան երեխաներ, որոնց մայրն է մահացել, երեխաները միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ընտանիքները չեն հասցնում։ Դրա համար մենք ընկերներով հայտարարել ենք համահայկական դրամահավաք,ովքեր կկարողանան օգնել, թող օգնեն ինչով կարող են՝ հագած հագուստից սկսած օգնություն ենք հավաքում։ Մեզ համար նախնական չափանիշ ենք սահմանել, որ աջակցենք 1000 երեխայի, նախորդ տարի 2000 երեխայի ենք օգնել։ Հուսով եմ, որ կկարողանանք հասնել այդ արդյունքին»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Սայիդա Պողոսյանը։

Նա նշեց, որ արցախցիների սոցիալական խնդիրները շատ են, հիմնականում բազմազավակ եւ վատառողջ անդամ ունեցող ընտանիքներն են հայտնվել խոցելի վիճակում։ Ըստ Սայիդա Պողոսյանի՝ արցախցի այնպիսի ընտանիք չկա, որը մեկ վատառողջ անդամ չունենա։ Հաշմանդամությունը մի կողմից, մյուս կողմից քաղցկեղով հիվանդների թիվն է մեծ, այլ հիվանդությունները եւս տարածված են։

«Մենք շարունակելու ենք մեր պայքարը հենց այս ընտանիքների համար։ Մեր կառավարության անդամները, ովքեր այդպես մեծ-մեծ խոսում են, եթե մեկ օր անցկացնեն իմ հեռախոսազանգերին պատասխանելով, ինձ թվում է՝ չեն դիմանա։  Այնքան խնդիրներով են զանգահարում, որ ես չեմ պատկերացնում այդ խնդիրների լուծումը ոնց է լինելու։ Իհարկե, առաջին լուծումը աշխատատեղերի ստեղծումն է, արժանապատիվ աշխատանք պետք է լինի արցախցիների համար, մեր խնդիրներին սրտացավորեն պետք է լուծում տան։ Մենք չենք հրաժարվում աշխատանքից, արցախցիներն ամեն աշխատանք էլ կատարում են։ Մենք չենք ուզում, որ արցախցիները լքեն Հայաստանը, որովհետեւ քանի արցախցիները Հայաստանում են, Արցախի հարցը կլինի օրակարգում, եւ մեր պահանջն արդար է»,- հավելեց նա։

Սայիդա Պողոսյանը կոչ է անում հայաստանայան հագուստ եւ այլ ապրանքներ արտադրողներին՝ աջակցել խոցելի վիճակում հայտնված արցախցի ընտանիքներին․ «Ովքեր կարող են, թող գոնե մեկ երեխայի աջակցեն, որպեսզի սեպտեմբերի մեկին երեխաների հագուստի ու պայուսակի հարցը լուծվի, չեմ ասում բոլորը, բայց գոնե առաջին դասարանցիներն ունենան նոր հագուստ, կոշիկ ու պայուսակ»։

Ռոզա Հովհաննիսյան