Բնակապահովման ծրագիրը արցախցիների մեջ ստեղծում է նոր խոցելի խմբեր․ մհենգ ի՞նչ անինք

  • 17:20 06.08.2025

Ս. Հակոբյանը իր կյանքի մեծ մասը ապրել է Ստեփանակերտում: Ամուսինը զոհվել է 1992 թվականին և ինչպես շատ արցախցի կանայք, նա ստիպված էր կյանքի ողջ դառնությունը, հոգսերը իր ուսերին վերցնել՝ 2 երեխաների համար ապահովելով արժանապատիվ ապագա: Ժամանակներ կար, որ սնունդ չկար, ժամանակներ կար, որ լույս չկար, փոխարենը երկու փոքր երեխա, որոնց միակ հույսը երիտասարդ մայրն էր, որը ստիպված էր մի քանի տարում նույնքան տասնամյակով մեծանալ: Հիմա չի պատկերացնում, թե ոնց է կարողացել հաղթահարել այդ ծանրությունը, ասում է, որ երևի երեխաններն են ուժ տվել:

«90-ակաները դաժանն իլալ, բայց հաղթանակը ասիս թա սաղ էտ դաժանությունը հեչ ըրած ինար: Մենակում մծըցրալ խոխոնցս, ասալմ՝ կարևորը էլ պատերազմ չի տսնանք»:

Պատերազմից հետո որոշել էր շարունակել ամուսնու գործը՝ ծառայելով Արցախի պաշտպանության բանակում, որտեղից էլ թոշակի է անցել: Ասում է՝ երբ արդեն երեխաները մեծացել էին, թոռներին էր վայելում և կարծում էր, որ գոնե հիմա ամեն ինչ լավ է լինելու: Բայց նորից պատերազմ եղավ, թշնմին չթողեց, որպեսզի Արցախում խաղաղ կյանք լինի:

«Հվատալչմ, վեր նորից կռև ա ինան, ոչ պակաս դաժան, քան Ղարաբաղյան առաջին պատերազմը: Բայց վեր 2020-ի կռևը դադարեցվեց, վերադարձանք Ստեփանակերտ՝ նորից շարունակալնք ապրել։ 2023թ. էլ հվատալչմ, վեր Ստեփանակերտա բռնի կտեղահանվինք»:

2023 թ. բռնի տեղահանումից հետո Ս. Հակոբյանը որդու հետ հաստատվել են Գորիսում: Գրեթե մեկ տարի այնտեղ են մնացել, հետո աշխատանքի պատճառով տեղափոխվել Չարենցավան: Այս պատճառով դստեր ընտանիքը նույնպես տեղափոխվել է Չարենցավան։ Սակայն աղջկա ընտանիքը այդպես էլ չկարողացավ Չարենցավանում ամրապնդվել՝ աշխատավարծը ավելի ցածր էր, իսկ տան վարձավճարը ավելի բարձր:

Հակոբյանների ընտանիքը Ստեփանակերտում և հայրենի գյուղում հայրական տուն է կորցրել, և հիմա նրանք չգիտեն, թե ովքեր են պատասխանատու դրա համար, ինչու կառավարությունը կամ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները չեն դիմում միջազգային ատյաններ, և եթե դիմում են, ինչի՞ ոչ մի առաջխաղացում չկա: Սրանք այն հարցերն են, որոնք հետաքրքում են գրեթե բոլոր արցախցիներին:

«Խոսումնք վերադարձի մասին, վեր վերադառնանք՝ մեր տները ի՞նչ վիճակումա ինան, հենա արդեն շեներք կա, վեր հողինն հավասարեցրալ, հուվա ի վերջո տրան պատասխանը տլան»:

Այժմ ցանկանում են օգտվել ՀՀ կառավարության կողմից առաջարկվող ծրագրից, բայց դեռ չգիտեն՝ ոնց, ընտանիքում 2 հոգի են: Ցանկանում են տուն գնել Չարենցավանում, սակայն 8 մլն-ը շատ քիչ է նույնիսկ մեկ սենյականոց բնակարան գնելու համար:

«Սկի Երևան տոնչնք օզում, լհա Չարենցավաննք օզում, բայց դե ճարումչնք, 8 մլն-ով տոն չկա, եթե մին քանի տարե առաջ ինար, կճրեյինք, երևի մհենգ անհնարա»:

Ասում է, որ ի տարբերություն շատերին, Երևանը ընհանրապես չեն դիտարկում, բայց նույնիսկ Երևանից դուրս դժվար է ապրել-վաստակելը, հազիվ հասցնում են բնակվարձը վճարել և առօրյա հոգսերը հոգալ:

«Եթե գոնե աջակցությունը առաջվա նման տային, մեր աշխադածան պատար կխնայեյինք, տինիյինք էտ 8 մլն իրա, մին տոն ունեինք, մհենգ ի՞նչ անինք»:

“Մհենգ ի՞նչ անենք” հարցը հուզում է շատ շատ Արցախից տեղահանված փոքր ընտանիքներին, որոնց դեպքում բնակարանների ձեռք բերումը անհնար է, իսկ բնակարանների գները սկսել են կտրուկ աճել, ինչը բերում է դրան, որ այս ծրագրով բնակարանների ձեռք բերումը ստեղծում է նոր խոցելի խմբեր:

Ալվարդ Գրիգորյան