Չորեքշաբթի երեկոյան, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի Մոսկվայից հեռանալուց հետո, արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել են, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, որին կհաջորդի եռակողմ հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Վիտկոֆը Մոսկվա է ժամանել Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալուց երկու օր առաջ։
«Նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Ես տեղեկացրել եմ նաև մեր մի քանի եվրոպացի դաշնակիցների։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք դրա ուղղությամբ առաջիկա օրերին և շաբաթներին», – բանակցություններից հետո գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Ռուսները ցանկություն են հայտնել հանդիպել նախագահ Թրամփի հետ, և նախագահը բաց է հանդիպումների համար ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Զելենսկու հետ։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս դաժան պատերազմն ավարտվի», – CNN-ը մեջբերում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքերը։
Պուտինի և Զելենսկու հետ Թրամփի հանդիպման ծրագրերը բացահայտվել են Թրամփի և եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ։ Հեռախոսազրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սթիվ Վիտկոֆը և Վլադիմիր Զելենսկին։ Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցուցակում չէր։
Չորեքշաբթի երեկոյան իր ելույթում Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ Ռուսաստանը «այժմ, կարծես, ավելի հակված է հրադադարին»։
Սպիտակ տունը CNN-ին հայտնել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ կամ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Հեռուստաընկերությունը եզրակացնում է, որ վայրը դեռևս որոշված չէ, սակայն քննարկվում են մի քանի տարբերակներ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկիրն առաջարկել էր որպես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև բանակցությունների վայր։
Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայում ցանկացած հրադադարի համաձայնագրի հիմնական տարրերը կլինեն տարածքների թեման ներառող հարցերը: Այս հայտարարությունն արվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից: Նրա խոսքով՝ այս հանդիպումից հետո Վաշինգտոնը սկսել է «ավելի լավ հասկանալ» այն պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Ուկրաինայում հրադադարի:
«Մենք ունենք որոշակի կոնկրետ օրինակներ, գուցե այս վարչակազմի պաշտոնավարումից ի վեր առաջին անգամ, թե ինչպիսի բաներ կխնդրի Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Ռուբիոն Fox Business հեռուստաալիքի «Քուդլոու» հաղորդման ժամանակ: