Ֆրանսիան ողջունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնագիրը և միացավ կողմերին ուղղված կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը պետք է լինեն կարևոր քայլ Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման տարածքի վերածելու ուղղությամբ։
Ֆրանսիական կողմը նաև նշեց, որ համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային կապակցվածությանը, սահմանների բացմանը և պետությունների ինքնիշխանության ամրապնդմանը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի սկզբունքների վրա։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունեց Բաքվի և Երևանի կողմից խաղաղ կարգավորման մասին հռչակագրի ստորագրումը։
«Այսօրվա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը լավ լուր է երկարատև խաղաղության ճանապարհին։ Համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումն այժմ կարևորագույն նշանակություն ունի։ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է ֆոն դեր Լեյենը սոցիալական ցանցերում։
Ավելի ուշ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրոպական Միությունը ողջունում է Վաշինգտոնում ընդունված հռչակագիրը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման վերաբերյալ, և իր պատրաստակամությունն է հայտնում ներդրումներ կատարել տարածաշրջանում տրանսպորտային նախագծերում՝ «ժողովրդին մերձեցնելու համար»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նույնպես ողջունել է համատեղ հռչակագրի ստորագրումը՝ այս օրը անվանելով երկու երկրների պատմության «նոր գլխի» սկիզբ։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ նախաստորագրված փաստաթուղթը «հույս է տալիս այն մարդկանց, ովքեր ապրել են տարիներ շարունակ հակամարտությունների և տեղահանությունների միջով»։
Հիշեցնենք, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ԱՄՆ-ում երեկ ստորագրված հռչակագրի հիմքը դրվել է ԵՄ-ում՝ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։