Հիմա ո՞վ է պաշտպանելու Հայաստանի հարավը իրանցիներից

  • 12:53 10.08.2025

Հայ պաշտոնյաներից մեկը, պատասխանելով հարցին՝ եթե Ադրբեջանով հայերի համար ճանապարհ բացվի, ո՞վ է ապահովելու անվտանգությունը, զարմացած պատասխանեց․ “Որ Վրաստանով գնում եք, ո՞վ է ապահովում։ Վրաստանը։ Այս դեպքում էլ Ադրբեջանը կապահովի”։ 

Լոգիկան ինչպես ասում են երկաթյա է, միայն մի հարց է մնում․ ո՞նց է ստացվում, որ Բաքուն չի վստահում Հայաստանին և չի ուզում “հայի երես” տեսնել, իսկ հայերը լիովին վստահում են Բաքվին, որը 2 տարի առաջ հայերի ցեղասպանություն է իրականացրել Արցախում։ 

Ըստ էության, ոչ մի ճանապարհ էլ չի բացվելու, նույնիսկ Մեղրիով, այս ամենի իմաստը՝ հայ-իրանական սահմանի և Հայաստանի հարավի վերացումն է։ Վաշինգտոնյան փաստաթուղթի ստորագրելուց հետո Բաքուն և ԱՄՆ-ն լիգիտիմ իրավունք են ստանում ցանկացած պահի մտնել և վերցնել այն, ինչ Հայաստանը նվիրել է։     

«Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,- նշված է հռչակագրում:  Փաշինյանը հավաստիացնում է. «Նկարագրված է մի առավելություն, ասված է, որ այդ նույն առավելությունը փոխադարձաբար պետք է ունենա ՀՀ-ն»:

«Փոխադարձություն նշանակում է, որ բացվում են ճանապարհները Ադրբեջանի համար, բացվում են Հայաստանի համար, չեն բացվում ճանապարհները Ադրբեջանի համար, չեն բացվում Հայաստանի համար», անորոշ ասել է Փաշինյանը:

Փաշինյանն ասաց՝ պետական ինստիտուտները թե մաքսային, թե անձնագրային հսկողություն պետք է իրականացնեն, բայց և խոսեց պարզեցումներից, այդ թվում՝ տեխնոլոգիաների կիրառմաբ:

Այս նախագծում ուժային կոմպոնենտ չկա, ամերիկյան ներկայությունը նկատի ունենալով հայտարարեց Փաշինյանը:

Հիմա, երբ Իրանը ասում է, որ ցանկացած գնով կխոչընդոտի “Զանգեզուրի միջանցքի” բացումը, ո՞վ է պաշտպանելու Հայաստանի հարավը իրանցիներից՝ դեռ այնտեղ կանգնած ռուս սահմանապահնե՞րը, ամերիկացիները, թե՞ թուրքերը։