2023 օգոստոսի կեսերին հացի գիշերային հերթերում կանայք շշուկներ էին տարածում, որ ջուր չի լինելու Ստեփանակերտում: Շրջաններում արդեն իսկ չկար: Այդ օրերին Ճարտար գնացող տրասպորտում, որտեղ շնչելու օդ չկար, մի մարդ ասում էր “մի ջուր է մնացել, դա էլ կտրեն` “լոխ լավ” կլինի”:
Նախօրեին ինչ-որ մեկը գրառում էր կատարել Ֆեսյբուքում, որ իբր ադրբեջանցիները կով են հրել-գցել քաղաքը ջուր մատակարարող Կրկժանի ջրամբար: Այդ թաղամասի բնակիչները իջել եկեղեցում էին գիշերում, պարզ չէր` ադրբեջանցիներն արդեն այնտեղ են, թե ոչ:
Ռուսների զրահամեքենան էր միայն բարձրանում այդ թաղամս: Գիշերները բլուրների վրա խարույկներ էին նշմարվում: Կովի լուրը ճիշտ էր, թե ոչ, բայց այլեւս կասկածը չէր թողնում բաժակը ծորակին մոտեցնել (Ստեփանակերտում ծորակից խմում էին բնակիչները):
Զրի պակաս քաղացում արդեն զգացվում էր, Պյատաչոկի երեք պուպլուլակների մոտ քրտնած երեխաներին ու Հայկազովից ոտով տեղ հասած զինվորականներին հերթ էին տալիս մարդիկ:
Երեք ծորակներից երկուսը պետք էր ցուցամատերով փակել, որ երրորդից հնարավոր լինի խմել: Շատրվանների ավազանում, որին մեջքով կանգնել էր Ստեփան Շահումյանը` ջուրը կանաչել ու արդեն տհաճ հոտ էր արձակում: Մինչ այդ էլ ես քայլել էի Սարսանգի ջրամբարում, բայց ոչ ինչպես Քրիստոսը՝ ջրի վրա, այլ ճաքեր տված տիղմով: Բոլորը գիտեին, որ ջրի խնդիրը վատ է լինելու հացի խնդրից: “Առանց հաց էլի հնարավոր է, բայց ջուրը…”, ասում էին մարդիկ:
Առավոտյան մեր մուտքում ինչ որ դիահոտ զգացվեց: Ոչ սուրճ, ոչ ջուր չկար: Դե, “պարլուս”: Բաղնիքի հայելում իրար ենք նայում, ապա բացում ծորակը, որը մի քանի կաթիլ ժանգոտած ջուր է թափում ու ինչ որ ձայն զկռտում հետեւից: Չի ստացվում “հարություն առնել” քնից: “Հարեւանին ամիս առաջ են հուղարկավորել, սա ուրիշ հոտ է”, փորձում եմ ինձ համոզել, որ քնից արթնացել եմ: Հացի հերթում անցկացրած գիշերը ավելի էր ծարավացրել: Դուռը բացում, տեսնում եմ հարեւանները դույլերով ու պլաստիկ շշերով իջնում են աստիճաններով: “Դիմացի խանութի նկուղում ջուրը գալիս է”, ասում են նրանք: Խոհանոցից մի պլաստիկ շիշ էլ ես եմ վերցնում ու հետեւում նրանց:
Մինչ այդ արդեն ջրի ֆոբիան տարածվել էր: Այդ օրերին հեծանիվով հաճախ էինք գնում Բալուջա գյուղ, եւ ես “թաքուն պլան” էի մշակել, որ եթե ջուր չլինի` ապա միանգամից Բալուջայի գետ կգնամ: Մի ամերիկացի, ով Ստեփանակերտում էր ապրում, ասում էր, որ ծորակի ջրին չի վստահում, եռացնում ու շշերում պահում էր սառնարանում` դառչինով ու մեխակով համեմելով: Ինչեւէ, ես 1.5 լիտր ջուրը դրեցի խոհանոցում ու ճանապարհվեցի դեպի հիվանդանոցի բակ` իմ “կաֆեն”, գուշակելով, որ ոչ մի գումարի դիմաց սուրճ չի տա այս անգամ սրճի ապարատը: Այդպես էլ եղավ, բայց ես պլան Բ ունեի` դեպի Բալուջա գետ: Հենց այս առավոտյան մարզանքն էլ ինձ էներգիա տվեց ու քնից արթնացրեց:
Բլոկադայի լավ կողմն այն էր, որ բնությունը սկսել էր հաղթել մարդկանց: Առաջվա զագորոդները չկային, պլաստիկ տոպրակներից ու շշերից մաքրվել էին գետափները, պարզվել ու բարակել, այնքան, որ երեխաները փորի վրա պառկում էին ու ջուրը մի կերպ ծածկում էր նրանց: Ես էլ միացա երեխաների լվացքին ու լողին:
Քաղաքում եկեղեցու բակում այգեպանը հավաքում էր նարնջագույն խողովակը, կողոսկրերը բաց շները լեզուներն հանած դեսուդեն էին գնում կամ պառկում հովին, իսկ Կարմիր Խաչը ջրի տարաներ էր տեղադրել բակերում: Մեր բակի տարայի պտտուտակը Կարենը հանել էր, որպեսզի երեխաները “վարդավառ” չանեն: Այսպես ամեն առավոտ Կարենից վերցնում էի հարթաշուրթը` բացում ծորակը, վերցնում իմ բաժին 1.5 լիտր ջուրն ու ուղեվորվում նորից դեպի Բալուջա:
Ջրի պակասի վախը մինչեւ այսօր չեմ հաղթահարել: Գորիսի արխերով անցնելիս, դարձյալ “պլան Բ” եմ մշակում մտքում: Եթե հանկարծ… տեսնես այս ջրից կարելի՞ կլինի խմել: Գուցե ինչ որ մետաղե տարա գնեմ, գուցե պետք լինի եռացնել` բակտերիաները սպանելու համար, ինչպես իմ ամերիկացի բարեկամն էր անում: Չնայած Գորիսում ջուրը համարձակ են օգտագործում, գորգեր լվում, բակեր ջրում, քար վոշեր ու փրփուր մի խոսքով, բայց ես տնտեսում եմ: Երեւի ոչ թե էկոլոգիայի, ավելի շուտ՝ գլուխս եկածի համար:
Իմ կյանքում առաջին կոնֆլիկտին ականատես լինելու պատճառը դարձյալ ջուրն էր: Մեր գյուղում մի բասեյնից 6-7 ընտանիք էր լոբին ջրում ու անընդհատ վեճ ու կռիվ էր առաջանում, թե որ օրը ում հերթն է: Տատիկիս տանն ինչ դատարկ տարա կար` ջրով լիքն էր պահում, անգամ այն սովետական էմալապատ բաժակը, որից բոլոն ունեին:
Մարութ Վանյան