«Այս միջանցքը (Հայաստանի տարածքով – խմբ․) այն չէ, ինչի մասին չափազանցվել է լուրերում, և Իրանի Իսլամական Հանրապետության պահանջները կատարված են», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է Mehr-ը։
«Արաղչին վերջերս այս հարցի վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որոշվել է, որ նրանք դա կքննարկեն։ Այս հարցում նկատվում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, կապի հաստատում Եվրոպայի հետ, այլ ոչ թե դրա փակումը հյուսիսից, ինչպես ցանկանում էր ռեժիմը (Իսրայել – խմբ․)։
Միակ մտահոգությունն այն է, որ այս ճանապարհը ցանկանում են կառուցել հայկական և ամերիկյան ընկերություններ», – նշել է Փեզեշքիանը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին, նշել է․
«Վաղը ինձ կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը։ Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի օրը նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք կողմերի հետ անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք։ Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները լիակատար ինքնիշխանություն պահպանեն իրենց տարածքների նկատմամբ և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև պաշտպանում ենք միջազգային սահմանները և չենք ընդունում դրանցում որևէ փոփոխություն։ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ներառում է հետևյալ երեք սկզբունքները՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ընդդիմություն սահմանների ցանկացած փոփոխությանը ։ Սրանք բացարձակապես համապատասխանում են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումներին։ Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում»։
Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։
Մինչ այլ Իրանի պաշտոնյաները բավականին բացասական են արտահայտվել “միջանցքի”մասին, հայտարարելով, որ այն անընդունելի է։
«Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները հարգվել են, բայց ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս, և մենք կշարունակենք այս հարցով մեր խորհրդակցությունները»,- ասել է Իրանի ԱԳ ղեկավարը։
Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանային իր հերթին ասել է, որ «տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի և կազմակերպությունների ներգրավումը․․․ կարող է հանգեցնել լարվածության սրման»։
Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ։ Այս մասին Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ խոսելով Սյունիքով «Թրամփի երթուղու» մասին։
«Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան հարևաններ չկային»,–նշել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը։
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, ժամանակ է պետք հասկանալու համար։ Գործընկերների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է, խոսակցություններ են ընթանում։ Բայց սատանան մանրուքների մեջ է: Առաջիկայում սպասվում է նախագահ Փեզեշքիանի այցը Հայաստան, և դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ փոփոխություններ պետք է սպասել»:
Երեկ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»։
Վելայաթին ընդգծել է, որ Իրանը միշտ դեմ է եղել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, քանի որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը, կտեղաշարժի սահմանները և նպատակ ունի բաժանել Հայաստանը։
Նա հիշեցրեց, որ երբ Թուրքիան և Ադրբեջանը պնդում էին այս միջանցքի ստեղծման վրա, գեներալ Բաղերիի հրամանատարությամբ Իրանի զինված ուժերը զորավարժություններ անցկացրեցին երկրի հյուսիս-արևմուտքում՝ ցույց տալով իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը՝ խափանելու այս նախագիծը։
Նա նաև նշել է, որ «Թրամփը միշտ շատ բարձր, բայց դատարկ խոսքեր է ասում» և իրեն համարում է անշարժ գույքի գործակալ, որը ցանկանում է վարձակալության տալ հողեր և տարածքներ։
Վելայաթին զգուշացրեց, որ այս ծրագրի իրականացումը կսպառնա տարածաշրջանի անվտանգությանը և Իրանի հյուսիս և հյուսիս-արևմուտք տանող միակ ճանապարհը կդարձնի Թուրքիայի միջոցով։ Իրանը կտրականապես թույլ չի տա, որ ՆԱՏՕ-ն տեղակայվի երկրի հյուսիսային սահմաններում։
Նա նաև ասաց, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության համար առանձին միջանցք անհրաժեշտ չէ. կարող է օգտագործվել Իրանի տարածքը։