Պուտինը պատրաստակամություն հայտնեց օգնել, սակայն ըստ 2020-2022 թթ․ «եռակողմ համաձայնագրերին»

  • 14:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին, իր հերթին հայտնում է Կրեմլը։

«Վլադիմիր Պուտինը, իր հերթին, խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Ալյասկայում Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը։

Փաշինյանը Պուտինին մանրամասն տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին: Ռուսաստանի նախագահը նաև նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը:

Փաշինյանի հետ զրույցում Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման եռակողմ համաձայնագրերի կնքմանը նպաստելու վերաբերյալ։ Առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով առևտրային և ներդրումային համագործակցության և ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության զարգացման վրա։