Բռնատեղահանված արցախցիները ճարահատյալ շարունակում են արտագաղթել Հայաստանից՝ չգիտակցելով անգամ, թե ինչ դժվարություններ են սպասվում նրանց օտար հողում։ Նրանք բախվում են մի շարք խնդիրների, որոնց մեջ ամենադժվար լուծելին ժամանակավոր գրանցման խնդիրն է։
Վերջերս ՌԴ–ում էի։ Այնպես ստացվեց, որ բազմաթիվ արցախցի ընտանիքների հանդիպեցի այնտեղ։ Ցավալի էր տեսնել, թե ինչպես են արցախցիները մեծ դժվարությամբ փորձում ինտեգրվել նոր միջավայրին, որտեղ ամեն ինչ օտար է իրենց համար։ Ինչքան էլ ցանկանում են ուրախ ձևանալ, միևնույն է՝ բոլորի աչքերում հուսահատություն ու թախիծ կար։ Ոչ բոլորն են կարողանում ժամանակին կարգի բերել փաստաթղթերը, լուծել երեխաների մանկապարտեզի, դպրոցի հարցերը։
Շատերը Հայաստանից արտագաղթել են բնակվարձերի աստղաբաշխական գների, աշխատանք չգտնելու պատճառով՝ մտածելով, որ Ռուսաստանում կկարողանան բավարար գումար վաստակել ու ընտանիքի հոգսերը հոգալ։
<<Այստեղ բնակարանների վարձավճարներն ավելի մատչելի են, աշխատավարձներն էլ համեմատաբար բարձր։ Մեր վաստակած գումարով կարողանում ենք տան վարձ, կոմունալ ծախսեր վճարել ու մեր կարիքները հոգալ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք մոտ ապագայում սեփական տանիք ունենալ։ Ես շատ կցանկանայի Հայաստանում բնակվել, բայց հանգամանքները հակառակը պարտադրեցին մեզ>>,- ասում է Արցախից տեղահանված Մելինեն՝ ավելացնելով, որ կարոտն ավելի է բազմապատկում դժվարությունները։ Մելինեի բոլոր հարազատները Հայաստանում են, իսկ Արցախյան պատերազմում զոհված հոր գերեզմանը մնացել է հայրենի գյուղում՝ գերության մեջ։
35-ամյա Արմենն ընտանիքով ստիպված հետ է վերադառնում, որովհետև ՌԴ խստացված օրենքներով չի կարողանում գրանցման հարցերը լուծել։
<<Ստիպված ենք վերադառնալ, տուն վարձել, փորձել նորից աշխատանք գտնել։ Ամենադժվարը երեխաների դպրոցի հարցն է, չգիտենք, կկարողանանք լուծել, թե ոչ։ Այս ամիսների ընթացքում համոզվել եմ, որ միայն Արցախում էինք մենք մեզ լիարժեք զգում։ Ապրում էինք մեր արդար քրտինքով, արժանապատվորեն հաղթահարում բոլոր դժվարությունները։ Եթե Արցախը չկա, ինձ համար այլևս ամեն ինչ միևնույն է։ Հայաստանում ևս խնդիրների առաջ էինք կանգնել ու ստիպված արտագաղթել, սակայն, ինչպես ասում են՝ ոչ ոք չի կարող գուշակել իր վաղվա օրը>>,- ասում է նա։
Ռուսաստանի մերձմոսկովյան բնակավայրում ապրած շուրջ մեկ ամսվա ընթացքում ես չհանդիպեցի գեթ մի արցախցու, ով չասեր, որ ճարահատյալ է հեռացել Հայաստանից և սպասում է, որ ՀՀ կառավարությունը ինչ որ ծրագրեր իրականացնի բռնատեղահանված արցախահայության համար, որպեսզի բոլորը վերադառնան ու այլևս չմտածեն արտագաղթի մասին։
Իսկ ամենից շատ մեջ իմ մեջ տպավորվել են 80-ն անց արցախցի մի տատիկի խոսքերը, երբ արտասուքների միջից նա ասաց ինձ՝ երանի քեզ, որ գնում ես Հայաստան, գոնե հայերեն կխոսեն շուրջդ․ ախր այստեղ ամեն ինչ օտար է մեզ, ախր այստեղ ամեն մի օրդ ավարտում ես ծանրացած սրտով։
Մոսկվայից մինչև Երևան թռիչքի ընթացքում ականջներումս տարեց կնոջ ձայնն էր, իսկ իմ ուղեղում պտտվում էին Մեծն Նժդեհի խոսքերը՝ Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ