Բաքուն, ՀՀ իշխանությունները և ընդդիմությունը կրակի պես վախենում են 1989 թվականի Միացումի որոշումից

  • 12:55 12.08.2025

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, հայտարարություններ են տարածել Փաշինյանի և Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։

ՀՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի հայտարարություններում կան բազմաթիվ կարևոր մեկնաբանություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելու անթույլատրելիության, Արցախի ժողովրդի իրավունքների, միջազգային պահանջներից հրաժարվելու և սեփական իրավունքները արտահայտող հայերի նկատմամբ փաստացի գրաքննություն սահմանելու վերաբերյալ։ Սակայն երկու հայտարարություններում էլ բացակայում է գլխավոր փաստարկը՝ 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։

Այս որոշումից կրակի պես վախենում են ոչ միայն Բաքվում, Անկարայում և աշխարհի մայրաքաղաքներում, այլև Երևանում, ինչպես իշխող, այնպես էլ խորհրդարանական «ընդդիմադիր» ուժերում։

Ընդդիմությունն ամեն ինչ անում է «երկու հայկական պետությունների հռչակումից» հետո ստեղծված ստատուս քվոյին վերադառնալու համար։ Երկու պետության հռչակումը նպատակ ուներ հրաժարվել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին օրինական որոշումից։ ՀՀ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշները, Արցախի պետական իշխանությունների և ատրիբուտների աջակցությունը, Մինսկի խմբին և այլ ինստիտուտներին վերադարձը ոչ այլ ինչ են, քան վերամիավորման գաղափարին և սեփական պատասխանատվությանը վերադառնալը կանխելու եռանդուն փորձեր։

1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը որևէ միջազգային մարմնի կողմից չվիճարկվեց, ավելին, Միացյալ Նահանգները ընդունեց 907-րդ փոփոխությունը, որն արգելում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը՝ կապված հայկական տարածքների օկուպացիայի հետ։ Այն ժամանակ աշխարի տերությունները ծափահարում էին Հայաստանի անկախության հռչակագրին, որը մինչ օրս պարունակում է հղում 1991 թվականի դեկտեմբերի 1-ի միացման մասին որոշմանը։

1989 թվականից կարճ ժամանակ անց միտումը փոխվեց. աշխարհը վախեցավ հայերի՝ իրենց հայրենի հողում  ինքնորոշվելու զուլալ իրավունքից։ Եվ Հայաստանը, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ճնշման տակ, անտեսեց 1989 թվականի որոշումը և հռչակեց Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի սահմաններում։ Արցախը նույնպես ստիպված եղավ հռչակել Հանրապետություն։ Արցախի կարգավիճակը անմիջապես փոխվեց, ինչպես նաև Հայաստանի պատասխանատվությունը Արցախի նկատմամբ։

Վերջին 35 տարիների ընթացքում երեք պատերազմները, օկուպացիան և տեղահանությունը 1989 թվականի օրինական որոշումը անտեսելու արդյունք են։

Եթե ընդդիմությունը ցանկանում է իրավիճակը վերադարձնել 1991թ.՝ անտեսելով 1989թ.-ը, ապա Հայաստանի իշխանությունները՝ Բաքվի, Անկարայի և այլ երկրների հետ միասին, որոնք հետաքրքրված չեն Հայաստանի գոյությամբ, անում են ամեն ինչ՝ 1989թ. որոշումը վերջնականապես չեղյալ համարելու համար: Այդ նպատակով հորինվում են Ալմա-Աթայի հռչակագրերը և այլ անօրինական փաստաթղթեր: Բայց որոշումն ուժի մեջ է, հակառակ դեպքում Ալիևը ամեն օր չէր պահանջի դրա մասին հիշատակումը հանել Հայաստանի Սահմանադրությունից։

1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը Երրորդ Հանրապետության առանցքն է, իրավական ողնաշարը, որն արդեն փլուզման եզրին է: Չորրորդ Հանրապետություն չի նախատեսվում նոր աշխարհակարգի շրջանակներում: