Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, ամենաբարդներից է

  • 23:52 12.08.2025

«Մինչ արցախահայությունը փորձում է իրացնել հայրենիք վերադառնալու իրավունքը, Ադրբեջանը սկսել է զանգվածաբար ավերել արցախցիներին պատկանող գույքը, ընդհուպ մինչև առանձին գյուղերի հիմնահատակ վերացումը: Բոլորը հասկանում են, որ վերադարձը հայրենիք՝ մարդու հիմնարար իրավունքն է, սակայն մինչ այսօր այդ առումով գրեթե առաջընթաց չկա՝ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ իրավունքի մասին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները թերևս շոշափելի արդյունքի չեն հասել», – ասում է Արցախից բռնի տեղահանված Յ. Ալահվերդյանը:

Աղջկա ընտանիքը 2010 թ. վարկի միջոցով բնակարան էր ձեռք բերել Շուշի քաղաքի Նիկոլ Դումանի փողոցում՝ 16 տարի մարման ժամկետով:

«2010 թվականին ձեռք ենք բերել բնակարան, ինչպես ասում էին՝ «հիմնադրամին ռոզվի շենքում», 5 հարկանի շենք էր, մեր բնակարանը հենց 5-րդ հարկում էր, “Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի դիմաց»:

Վերջին անգամ Շուշիյում և իրենց տանը եղել են հոկտեմբերին, 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մի քանի ամիս հետո արդեն իմացան, որ իրենց տներն այլևս չկան․

«2020 թվականի հոկտեմբերի 1-ին ենք դուրս եկել, իսկ հայրս մինչ հոկտեմբերի վերջ դեռ գնում գալիս էր մեր տուն: Ես նաև սովորում էի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: 2021 թ. մարտի 8-ին համացանցից իմացանք, որ մեր շենքը ավերվել է, այսպես ասած մեր մարտի 8-ի «նվերն էր»:

Ինչպես շատ ընտանիքներ, նրանք ևս սպասում են վերադարձին և հույս ունեն, որ մի օր դա կլինի, չնայած տեսնելով, թե ինչպես են ամեն օր ադրբեջանցիները ավերրւմ Արցախը, հույսը մարում է:

«Ով փորձում է լրջորեն զբաղվել այս հարցով, այդքան ներուժ չունեն: Տները մի կողմ դրած, բա մշակութային արժեքներ ներկայացնող հուշարձաննե՞րը: Շատ ցավալի իրավիճակ է»։

Ալվարդ Գրիգորյան

Խմբ․ Անգամ 2020 թվականին Արցախում կորցրած տների և այլ անշարժ գույքի համար փոխհատուցում չի տրամադրվել։ Այդ ժամանակ օկուպացված տարածքների տների մասնակի գույքագրում է անցկացվել, և մարդիկ ընտրության առաջ են կանգնել՝ ձեռք բերել նոր բնակարաններ Արցախի մնացած մասում կամ Հայաստանում՝ ստացված վկայականով։ 2020 թվականին իրենց բնակարանները կորցրածներից միայն մի մասն է կարողացել հետագայում բնակարան ձեռք բերել։ Նրանք էլ ստիպված են եղել լքել Արցախը 2023 թվականին՝ ցեղասպանության սպառնալիքի տակ։ 2023 թվականից հետո փոխհատուցման մասին ընդհանրապես խոսք չի եղել. կորցրած գույքի գնահատման գործընթաց չի եղել, և բնակվարձի փոխհատուցման պետական աջակցությունը տրամադրվում է ոչ թե կորցրած բնակարանի, այլ ընտանիքի անդամների թվի համաձայն։

Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, մնում է ամենաբարդներից մեկը և ոչ մի փաստաթղթում չի արծարծվում։