Բռնատեղահանված արցախցիներն արժանանում են անարդար վերաբերմունքի։ ՀՀ կառավարության կիսատ ու նվաստացնող ծրագրերը վատ են անդրադառնում մարդկանց ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական վիճակի վրա։
Հազարավոր ընտանիքներ ապրում են անորոշության, վախի և տագնապի մեջ։ Մարդիկ, որոնք պատերազմի կրակների տակ կորցրել են ամեն ինչ՝ տունը, հողը, աշխատանքը, հարազատներին, այժմ իրենց իսկ հայրենիքում կանգնած են երկրորդ աղետի առաջ։
Արցախցի երիտասարդ իրավաբան Ժորա Հայրապետյանը, ով պայքարում է ոչ միայն իր ընտանիքի, այլ նաև բոլոր արցախցիների իրավունքների համար, իր վրդովմունքն է հայտնում․
-ՀՀ կառավարությունը, որը պատերազմից հետո հայտարարում էր, թե կաջակցի Արցախի ժողովրդին, այսօր իր իսկ որոշումների կատարումը ձգձգում է։ Հաճախակի ուշացնում է իր իսկ ընդունած որոշմամբ ֆինանսական աջակցությունը, այն գումարն է, որով մարդիկ պետք է վճարեն բնակարանի վարձավճարը, սնունդ ձեռք բերեն, բուժվեն կամ պարզապես գոյատևեն։ Այժմ էլ նոր ծրագրի՝ անապահով խավերին տրվող աջակցության շուրջ են մարդիկ անհանգստացած։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` միասնական սոցիալական ծառայության պատասխանը բոլորին նույնն է՝ Ձեր դիմումը դեռ ստուգման փուլում է, սպասեք, կամ էլ միանգամից մերժում է։ Իրականությունը պարզ է մեզ համար, իսկ սպասելու տեղ չկա։
Բերեմ օրինակներ․ Գոհարի ընտանիքը վարձով է ապրում։ Երեխան դեռ մանկապարտեզ չի գնում, որովհետև մայրն անգամ փող չունի, որ հագուստ գնի։ Հայրը օրավարձով աշխատում էր շինարարությունում, բայց երկու շաբաթ է՝ մնացել է առանց աշխատանք։ Տանտերը վերջնագիր է տվել՝ մինչև շաբաթվա վերջ բնակարանի 80 հազար դրամ վարձավճարը չմուծեն՝ տան իրերը դուրս կշպռտի։ Երեխան արդեն հարցնում է՝ մամ, նոր տանը ես իմ խաղալիքները կունենա՞մ, իսկ մայրը լուռ լաց է լինում, որովհետև գիտի՝ նոր տունը կարող է փողոցը լինել։
Աշոտն ու Լիանան վարձով են ապրում մեկ սենյականոց բնակարանում։ Վարձավճարը 120 հազար դրամ է։ Տանտերը երեկ զանգել է ու մեկ շաբաթ ժամանակ տվել, այլապես՝ տունը ուրիշի կառաջարկի։ Իսկ սոցապ ծառայությունից ստանում են նույն պատասխանը՝ դիմումը ստուգման փուլում է, որը չգիտես ինչու ձգվում է արդեն 3 ամիս:
Սիրանուշը միայնակ մայր է, ունի երկու դպրոցահասակ երեխա։ Չի կարողանում աշխատանք գտնել, որովհետև բոլոր հնարավոր աշխատանքները մերժվել են։ Պատճառաբանությունը մեկն է՝ փոքր երեխաներ ունես, չես հասցնի։ Երեխաներից ավագը մորն առաջարկում է դպրոց չգնալ, որպեսզի աշխատի ու օգնի մորը։
Ժորան բերում է ընդամենը երեք պատմություն, բայց իրականում նման պատմությունները հարյուրավոր են՝ անլուծելի, դաժան:
Երիտասարդ արցախցին համոզված է, որ այս իրավիճակը միայն համակարգային անփութության հետևանք չէ, այլ նաև քաղաքական մտածված գիծ։
-Կառավարության կողմից ներկայացվող ծրագրերը, որոնք պիտի լուծեն արցախցիների սոցիալական խնդիրները, իրականում կամ չափազանց կարճաժամկետ են, անիրատեսական, կամ էլ լի են բյուրոկրատական թակարդներով։ Կարճաժամկետ օգնություն է տրվում է մեկ-երկու ամիս, հետո դադարեցվում կամ փոփոխվում է այնպես, որ մարդը չի կարողանում օգտվել։ Բյուրոկրատական խոչնդոտների են հանդիպում, պահանջվող տասնյակ թղթեր, հերթեր, ամիսներ տևող <<ստուգումներ>>, որոնց արդյունքում մարդը մնում է նույն վիճակում։ Ամենախոցելին անտարբեր վերաբերմունքն է, երբ սոցիալական ծառայություններում արցախցուն նայում են որպես բեռի, այլ ոչ թե որպես իր երկրի քաղաքացու։ Կառավարության գործողությունները ցույց են տալիս, որ սա պարզապես անգործություն չէ։ Ստացվում է, որ այն ժամանակ ձգելու քաղաքականություն է, որի նպատակը պարզ է՝ հուսահատեցնել, հոգնեցնել, մղել արտագաղթի։
Երբ դեռևս բնակարանով չապահովված տեղահանված մարդուն ամիսներով թողնում ես առանց օգնության, նրան մնում է ընդամենը երկու տարբերակ՝ լքել Հայաստանը, կամ հայտնվել փողոցում։ Եթե տրամադրվող աջակցությունը ժամանակին չփոխանցվի և իրական ծրագրեր չգործարկվեն, դա չի կարող մեկնաբանվել որպես տեխնիկական ուշացում։ Դա կլինի պետական կամք՝ հայրենակիցներին փողոցում թողնելու և հայրենազրկման հասցնելու,-ասում է Ժորա Հայրապետյանը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ