«Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը խորը նվաստացում է և Ռուսաստանի քաղաքականության ձախողում Հարավային Կովկասում: Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ, և դրա համար պատասխանատուները մնում են անպատիժ: Ժամանակն է ընդունել սխալները և պահանջել արդարություն՝ մեծ տերության կարգավիճակը վերականգնելու համար», – ասել է Ցարգրադի ինստիտուտի տնօրեն, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։
«Անիմաստ է ասել. «Որքա՜ն վատն են նրանք: Ասում էին չէ՞, որ Փաշինյանը Սորոսի լակոտ է, իսկ Ալիևը՝ տականք, որը աշխատում է Էրդողանի համար և դավաճանում է մեր բարեկամությանը»: Սրանք փաստարկներ չեն: Կամ մենք կայսրություն ենք, ինքնիշխան պետություն-քաղաքակրթություն: Կամ մենք արժանի ենք այն ամենին, ինչ տեսանք Վաշինգտոնում, երբ մեր երկու «դաշնակիցները» լիզում էին մեր թշնամու կոշիկները», – գրել է Եվրասիականության գաղափարախոս Դուգինը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 23-ին պարոն Դուգինը գրել էր.
«Եվրասիացիները պաշտպանեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամեն կերպ օգնեցին ռուս-ադրբեջանական երկխոսությանը: Ինչո՞ւ իմաստ ունեն այդպիսի կոշտ արտահայտությունները անմեղ և անկեղծ մարդկանց նկատմամբ (նկատի ունի Բաքվում ձերբակալված ռուս լրագրողների): Ես չեմ հասկանում: Եվ ես շատ տարակուսած եմ: Եվրասիացիները՝ և՛ ռուսները, և՛ ադրբեջանցիները, մշտապես աջակցել են Իլհամ Ալիևին, հարգել են Հեյդար Ալիևի հիշատակը: Ես անձամբ հիանալի հարաբերություններ եմ ունեցել Ադրբեջանի նախագահի վարչակազմի, պատգամավորների և մտավորականների հետ: Կարծում եք՝ Բաքվին այդքան հե՞շտ հաջողվեց վերադարձնել Ղարաբաղը: Մենք առաջ քաշեցինք ավելի խաղաղ և սահուն անցման նախագիծ, պաշտպանեցինք այն: Բայց երբ պատերազմը սկսվեց, ո՞վ, ձեր կարծիքով, կանգնած էր ադրբեջանական սցենարի հետևում»:
Դուգինը շատ լավ գիտի, որ Վաշինգտոնում հանդիպումը տեղի է ունեցել Պուտինի հրահրմամբ՝ Փաշինյանի Ալթայ այցից հետո: Եվ Հայաստանի վերացման հետ կապված այս ամբողջ ֆարսը Պուտին-Թրամփ գործարքի մի մասն է. Հայաստանի դիմաց Ռուսաստանը պետք է ստանա ոչ միայն Ուկրաինան, այլև Բալթյան երկրները վերադարձնելու իրավունքը՝ առանց ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կիրառելու։
Ռուսաստանը վաղուց է պատրաստվում վերացնել Հայաստանը՝ գիտակցելով, որ դա անհնար է առանց Արցախի և Հայաստանի հարավի հանձնման։ Հիմա մնացել է միայն մի փոքր քայլ։
Ինչպես գրում է russia-artsakh.ru-ն, Դուգինի օգնականները՝ ամուսիններ Վալերի Կորովինը և Նատալյա Մակեևան, պարգևատրվել են համապատասխանաբար «Հայրենիքին մատուցած ծառայությունների» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով։
Նատալյա Մակեևան 2021 թվականի հոկտեմբերին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ում կայացած կլոր սեղանի ժամանակ քննարկել է ժողովուրդների ինքնորոշումը անհատի անձնական ինքնորոշմամբ փոխարինելու անհրաժեշտությունը։ Տեսեք, թե ինչպես է սա համընկնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կարծիքի հետ, ով, երբ հարցրել են, թե արդյո՞ք Արցախի ժողովուրդը կկարողանա ապրել Ադրբեջանի կազմում, ասել է, որ նրանք պետք է ապրեն երջանիկ «ընտանեկան» կյանքով։ Իբր որ մի կենտրոն է այս թեզերը մշակում՝ հողը, ինքնիշխանությունը, արմատները պետք չնեն՝ ապրեք ընտանեկան կյանքով։
«Ինչպե՞ս են հայերը հիմա իրենց զգում այն տարածքներում, որոնք 2020 թվականի նոյեմբերից հետո փոխանցվել են Ադրբեջանին», հարցրեց Մակեևան՝ ակնհայտորեն սպասելով պատասխանի, որ նրանք ապրում են ընտանեկան, անհատական կյանքով։ ԼՂՀ ԱԳՆ խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը նրան ասաց, որ այս տարածքներում մնացածները՝ քաղաքացիական անձանց խեղված մարմիններ են, որոնք չէին կարողացել փախչել, և որոնց մինչ օրս հավաքում էին փրկարարները՝ խաղաղապահների միջնորդությամբ։
Եվ նույն 2021 թվականի դեկտեմբերի 4-ին եվրասիացիների այս սիրուն զույգը կազմակերպեց «Սյունիք-Զանգեզուր միջանցք. տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի ապաշրջափակում. դրական և բացասական կողմերը» առցանց կոնֆերանս, որը կազմակերպել էր «Կովկաս-Եվրասիա» փորձագիտական ակումբը։
Այսպիսով, պարոն Դուգին, բոլորը գիտեն, թե ով և երբ է կազմակերպել «Արցախը», «Վաշինգտոնը», «Սյունիքը»։